Իջեւանի համայնքապետարանը քաղաքի մաքրող-սրբող ավտոմեքենաներն անհատույց տվել է Հրազդանին |armtimes.com|
11:01 - 29 մարտի, 2019

Իջեւանի համայնքապետարանը քաղաքի մաքրող-սրբող ավտոմեքենաներն անհատույց տվել է Հրազդանին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 19-ին Իջեւան համայնքի դեռեւս գործող ավագանին ՌԵՆՈ մակնիշի լվացող եւ Միլենիում մակնիշի մաքրող-սրբող քաղաքի ավտոմեքենաները տվել է Հրազդանի համայնքապետարանին:

Համայնքի ավագանին նշում է, որ Հրազդանի համայնքապետարանը դիմել է Իջեւանի համայնքապետարանին՝ որպես աջակցություն իրենց օգտագործման տրամադրելու ՌԵՆՈ մակնիշի լվացող եւ Միլենիում մակնիշի մաքրող-սրբող ավտոմեքենաները:

«Ղեկավարվելով ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով եւ հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ վերոնշյալ մաքրող-սրբող ավտոմեքենաները անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրել Հրազդանի համայնքապետարանին»,- նշված է որոշման մեջ: 

Իջեւանի համայնքապետ Վարդան Ղալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ ավտոմեքենաները համայնքապետարանին էր նվիրել Իջեւանի քույր քաղաքը՝ Ֆրանսիայի Վալանսը. «Այստեղ արդյունավետ չաշխատեց այդ մեքենաները, քանի որ մեր քաղաքի դիրքը լեռնային է: Այդ մեքենաները իր աշխատանքի ընթացքում մեծ փոշի էր բարձրացնում եւ բնակիչները դժգոհ էին, քանի որ պատշգամբներին էր լցվում այդ փոշին՝ լվացքի վրա, մեքենաների վրա:

Տեսանք, որ այդ սարքերը չեն աշխատում, սկսեցինք չաշխատեցնել: Տարածքային կառավարման նախարարությունից իմացանք, որ Հրազդան համայնքում այդ մեքենաները կարող են նորմալ աշխատել եւ որոշեցինք անհատույց տրամադրել Հրազդանին»,- ասաց Ղալումյանը:

Մեր հարցին, թե Հրազդանում նորմալ կաշխատե՞ն այդ սարքերը, Ղալումյանը պատասխանեց. «Այո, որովհետեւ այնտեղ անձրեւների լվացած փոշին չի վերցնում, իսկ մեր մոտ վերցնում է: Մենք քաղաքում մաքրման աշխատանքները այլ ձեւով ենք իրականացնում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել