Մարտի 26-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը, որին մասնակցեցին Ղազախստանի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Ղազախստանում հավատարմագրված շուրջ 60 դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ 2019թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, որոնք հունվարի 25-ին ներկայացվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է երրորդ երկրների և կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերը:
Գագիկ Ղալաչյանը նշեց, որ Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի, իսկ հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը:
Երմեկ Կոշերբաևն իր ելույթում անդրադարձավ եվրասիական ինտեգրման գաղափարի, բուն միության ստեղծման և զարգացման փուլերին, ԵԱՏՄ ապրանքաշրջանառության աճի ծավալներին և հետագա ընդլայնման հեռանկարներին: Փոխնախարարը նշեց, որ Ղազախստանը պատրաստվում է մայիսի 29-ին մայրաքաղաքում հյուրընկալել ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը:
Փոխնախարարն իր ելույթում հաստատեց ՀՀ նախագահության առաջնահերթություններին Ղազախստանի աջակցությունը և դրանց միասնական իրականացման ուղղությամբ ջանք գործադրելու պատրաստակամությունը:
comment.count (0)