Ճանապարհների ապաշրջափակումը ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանի հետ կապող, այլեւ սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաեւ ՀՀ-ն․Նիկոլ Փաշինյան
20:21 - 24 դեկտեմբերի, 2021

Ճանապարհների ապաշրջափակումը ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանի հետ կապող, այլեւ սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաեւ ՀՀ-ն․Նիկոլ Փաշինյան

Առցանց ասուլիսի ժամանակ, խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին՝ հատկապես Սյունիքի մասով, Փաշինյանն ասաց․

«Ես շատ կուզենայի, որ ճանապարհների հարցը մենք բաժանենք մի քանի մասի․ առաջինն իրավական կարգավորումների խնդիրն է։ Եթե մենք այդ խնդրով գալիս ենք համաձայնության, մնացած հարցերը դառնում են տեխնիկական։ Որովհետեւ մենք սա ընկալում ենք, որ պետք է ճանապարհ լինի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ կապող, բայց ես ուզում եմ, որ մենք դիտանկյունը փոխենք, որովհետեւ, այնուամենայնիվ, սա տեղի է ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանության մեջ»։

Փաշինյանի խոսքով՝ սա ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանի հետ կապող, այլեւ սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաեւ ՀՀ-ն․ «Հետեւաբար, երբ մենք համաձայնության գանք Ադրբեջանի հետ իմ նշած հարցերի շուրջ, մենք մեր դիտակետը նաեւ էն տրամաբանության պետք է վերանայենք, որ մենք պիտի ունենանք մեր տեսանկյունից մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար, որովհետեւ դա ՀՀ-ին կբերի շատ կոնկրետ օգուտներ։ Այս համատեքստում է, որ մենք նախկինում էլ չենք բացառել ու չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը մեր տեսանկյունից կլինի միջազգային հաղորդակցության կարեւոր ուղի»։

Փաշինյանը հիշեցրեց, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստում այդ միտքը ձեւակերպել է, որ եթե մեզ հաջողվի արդեն իսկ նշված տրամաբանության եւ սկզբունքների շրջանակներում գալ համաձայնության, ՀՀ ղեկավարության նպատակադրումն է՝ մեր ունեցած Հյուսիս-հարավ նախագիծն իր բովանդակության եւ էության մեջ ընդլայնել՝ այն դարձնելով արեւելք-արեւմուտք՝ խաչաձեւ ճանապարհ, որը, Փաշինյանի համոզմամբ, էականորեն կմեծացնի այդ ճանապարհի նշանակությունը։

Ինչ վերաբերում է այդ ճանապարհով երթեւեկելու անվտանգային երաշխիքներին՝ Փաշինյանն ասաց, որ այդ երաշխքիները պետք է փոխադարձաբար կոնկրետացվեն։

Փաշինյանի խոսքով՝ անվտանգության մասով ուղեկցումը հնարավոր տարբերակներից մեկն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել