Խոսք է գնում Թուրքիայի հետ օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում եւ ողջունում այդ մոտեցումը․Նիկոլ Փաշինյան
20:50 - 24 դեկտեմբերի, 2021

Խոսք է գնում Թուրքիայի հետ օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում եւ ողջունում այդ մոտեցումը․Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, եթե հարցը դնենք կոմունիկացիաների տրամաբանության մեջ, ես ասացի՝ մեզ համար կարեւոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու, ձեւավորելու օրակարգը։ Առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ, Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարզվի, որ այս հնարավոր բացվող, ստեղծվող կոմունիկացիաներն ավելի մեծ եւ ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա, իհարկե, մեր օրակարգերի կարեւորագույն հարցերից մեկն է, օրինակ սահմանի եւ հայ-թուրքական երկաթուղու բացումը։ Հիմա խոոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում եւ ողջունում այդ մոտեցումը։ Հույս ունեմ՝ իսկապես իրականում փոխադարձ թռիչքները կսկսեն։ Այսինքն՝ մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է։ Բայց, էլի եմ ասում, մենք գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, զգայունություններ։ Էդ հարցի վերաբերյալ ՀՀ-ում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք»,- նկատեց Փաշինյանը։

Թե երբ տեղի կունենա՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, Փաշինյանն ասաց, որ այս պահին այդպիսի հանդիպում նշանակված չէ, բայց ինքը հույս ունի՝ հնարավորինս արագ կնշանակվի․ «Պարզ է, որ մեկ, երկու, երեք, չորս հանդիպումներ․․․ Շատ երկար պրոցես է տեղի ունենալու, եթե կպարզվի, որ չորս կամ հինգ հանդիպման արդյունքում կարող ենք կոնկրետ բան արձանագրել, շատ ավելի լավ, բայց սպասել, որ հենց էդպես էլ տեղի կունենա․․․ Չափազանցված սպասումներ պետք չէ ձեւավորել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ, ըստ ամենայնի, կձեւավորվի աջակցող խումբ, որը մեր բանագնացին՝ Ռուբեն Ռուբինյանին, աջակցություն կցուցաբերի, քանի որ դա թիմային աշխատանք է։

Փաշինյանի կարծիքով՝ այս իրավիճակում, այս բանակցություններում շատ կարեւոր է, որ բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ․ «Ես կարծում եմ, որ պարոն Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ արդեն բավականին ծանր փորձառությունը, ես նկատի ունեմ՝ դժվար է մեր թիմի որեւէ անդամի ասել՝ փորձառություն չունեցող, որովհետեւ մենք թեկուզ վերջին մեկ տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որ գուցե տասնամյակի փորձույթուն է։ Բայց ես ասացի՝ Ռուբինյանը միայնակ չի տանելու էդ պրոցեսը, մեր դիվանագիտական կորպուսից ԱԳՆ-ում ձեւավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է։ Պարոն Ռուբինյանը գլխավոր բանակցողն է այս թեմայով, բայց դա չի նշանակում, թե մեր նախորդ փորձառությունից էս ամենը կտրված է լինելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել