ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգկված է եղել «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը:
Տեսակոնֆերանսի միջոցով անցկացված նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա և ՀԱՊԿ երկրների առաջնորդների աջակցությամբ այսօր անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօր Ղազախստանի Հանրապետությունում հայտարարված է համազգային սգո օր և առաջարկել մինչ աշխատանքը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակը։
Հարգանքի տուրք մատուցելուց հետո, նիստի բացման խոսքում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ օպերատիվ արձագանքման և Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա արտահերթ նիստին մասնակցելու համար։
«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, որը կարող է հետագայում ավելի սրանալ, Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին։ Այս դիմումի հիման վրա և Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, գործելով ՀԱՊԿ գործող նախագահի գործառույթներին համապատասխան, ես գործարկել եմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ խորհրդակցությունների մեխանիզմ։
Հաշվի առնելով Ղազախստանի պաշտոնական դիմումը և իրավիճակի արագ զարգացման միտումը, ինչպես նաև ի նկատի ունենալով երկրի անվտանգությանը, կայունությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի առաջացումը՝ Ղազախստանում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կոնսենսուսային որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար՝ Հավաքական անվտանգության պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի համաձայն»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև ելույթներով հանդես են եկել ՀԱՊԿ պետությունների ղեկավարները՝ իրենց դիտարկումներն ու տեսակետները ներկայացնելով Ղազախստանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացման վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում, մասնավորապես, նշել է.
«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Հարգելի գլխավոր քարտուղար,
Շնորհակալություն բովանդակալից ելույթների և մանրամասն տեղեկատվության համար։
Ցավոք, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների։ Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն։
Հուսով ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բարեկամ Ղազախստանին օգնելուն ուղղված ջանքերը կօգնեն հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն կյանքը։
Գործընկերներ,
Հարկ է ընդգծել, որ մեր նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության՝ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։ Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը, անկասկած, կծառայի ինչպես անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ Կազմակերպության համապատասխան կառույցների ու մեխանիզմների ամրապնդմանը։
Հարգելի գործընկերներ,
Մենք ավարտեցինք այսօրվա օրակարգի շուրջ մտքերի փոխանակումը։ Եվ ամփոփելով մեր այսօրվա նիստի արդյունքները՝ ցանկանում եմ գոհունակությամբ փաստել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր երկրների միջև բարձր փոխըմբռնումը։ Ակնհայտ է մեր գործողությունների նպատակաուղղվածությունը՝ իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման և երկրի բնականոն կյանքին վերադարձնելու ուղղությամբ։ Սա ծայրահեղ կարևոր պահ է քաղաքացիների համար տարրական կենսապայմանների ապահովման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման համար։
Շնորհակալություն ուշադրության համար»:
comment.count (0)