Կադաստր. Ռանչպարի շրջակա վարելահողերի մի մասն ավազակույտերով է ծածկված
10:32 - 21 մարտի, 2019

Կադաստր. Ռանչպարի շրջակա վարելահողերի մի մասն ավազակույտերով է ծածկված

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ շտապ կարգով ուսումնասիրել և կից փաստաթղթերով տեղեկանք-զեկույց է ներկայացրել Ռանչպար համայնքում ավազահանքերի «կադաստրային իրավիճակի» մասին։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժինը մեկ դրվագ է ներկայացրել զեկույցից. «2011 թ. օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի մարզի Ռանչպար համայնքի գյուղատնտեսական հողերից 9.36 հեկտարը (տե′ս կից լուսանկարը) փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ ավազի արդյունահանման նպատակով։ Նույն տարում «ՎԻԷՐԱԼՍՈՒ» ՍՊԸ-ի հետ կնքվել է այդ հողատարածքից 3.42 հեկտարը 25 տարի ժամկետով վարձակալելու պայմանագիր՝ տարեկան 60 000 դրամ վարձավճարով:

Նպատակային փոխված նշանակությամբ հողամասերը գտնվում են Սև ջուր և Արաքս գետերի միջնամասում՝ փշալարերի առաջին գծից դուրս: Ըստ համայնքի գործող կադաստրային քարտեզի, նշված 9.36 հեկտար հողամասերից դեպի հյուսիս, մինչև Սև ջուր գետն ընկած տարածքը` 15.67 հեկտար (37 միավոր), քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողեր են, որոնց նկատմամբ իրավունքները հիմնականում ստացել են պետական գրանցում»:

Զեկույցում նշվում է նաև, որ համաձայն 2018 թ. արված արբանյակային լուսանկարի, այդ 9.36 հեկտար հողատարածքի մի մասը և սեփականաշնորհված վարելահողերի հիմնական մասը ծածկված են ավազակույտերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռանչպար գյուղ այցի ընթացքում նախորդ շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսևորումների մասին վերջին ամիսներին Կոմիտեն բարձրաձայնել է։ Վարչապետի այցին հաջորդած աշխատանքային օրը հրավիրված խորհրդակցությանը Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց շտապ կարգով ուսումնասիրել և իրեն զեկուցել իրավիճակի մասին»։

panarmenian.net


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել