Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով, երեխաների կրթական իրավունքն է խախտվում. Արայիկ Հարությունյան

08:49 - 21 մարտի, 2019

Ավշարի դպրոցում պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք, ցավոք, մինչև հիմա չեն կարգավորվում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցում տեղի ունեցող դասադուլներին ու գործադուլին:

Նախարարը նշեց, որ նախարարության ներկայացուցիչներ են եղել դպրոցում և փորձում են վերականգնել աշակերտների իրավունքները: «Բայց այդ հարցում նաև ծնողները պետք է աջակցեն մեզ, և կարծում եմ՝ վերջնագրերով խոսելու տարբերակը, որը դրվել է, որ չենք գնա  դպրոց, մինչև որ տնօրենը չհեռանա՝ ճիշտ չէ: Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով, իրենց երեխաների կրթական իրավունքն է խախտվում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում բարեկամական կապերով ուսմասվարին նշանակելու խնդրին, որը նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի հերքել, որ իր մորաքրոջ հարսն է դպրոցում ուսմասվար ընդունվել, նախարարն ասաց, որ նման բան չկա, որևէ ուսմասվար չի նշանակվել: Իսկ թե այդ դեպքում ինչի մասին էր խոսքը, Հարությունյանը նշեց, որ իբրև թե մորաքրոջ հարսին պետք է բերեին այդտեղ նշանակելու, բայց այնտեղ որևէ նշանակում չի եղել: Հարցին, թե նշանակումն այսինքն կասեցվե՞լ է, նախարարն ասաց, որ չի իմանում, պետք է Գարիկ Սարգսյանից հարցնել:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ միանշանակ դեմ է խնամիաբարեկամական ծանոթներով կապերով նշանակումներին և պնդեց, որ այդ ձևով որևէ մրցույթ չի անցկացվել, և որևէ մեկը չի հաղթել:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել