armenpress.am: Հայաստանի պետական բյուջեից հաջորդ տարի ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չափը կավելանա շուրջ 25 տոկոսով՝ կազմելով 25 մլն դրամ:
Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագիրը գտնվում է վարչապետի աշխատակազմում: Այս տարի Ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդում փոփոխություններ են տեղի ունեցել: Վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ղեկավար է նշանակվել աշխատակազմի ղեկավարը:
«Դա նշանակում է, որ կառավարությունն այս ուղղությանն էլ ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել: Եվ դա արտացոլվել է նաև բյուջեի վրա: Միջոցառման շրջանակներում այս տարի նախատեսված է եղել 20 մլն դրամ, մենք ավելացրել, դարձրել ենք 25 մլն դրամ, ավելացրել ենք շուրջ 25 տոկոսով»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ աճը շարունակական է լինելու ըստ նախանշվող ծրագրերի:
Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնության 15 հասարակական կազմակերպության՝ վերջիններիս կողմից խորհրդին ներկայացված ծրագրերի ֆինանսավորման հայտերի և համապատասխան հրամանի հիման վրա:
Նա տեղեկացրեց, որ 2024 թվականի նկատմամբ աճը պայմանավորված է կիրակնօրյա դպրոցների, ամառային ճամբարների կազմակերպմամբ, ամսաթերթերի հրատարակության, կայքերի հիմնման կամ զարգացման գործընթացով, ինչպես նաև աշակերտների՝ պատմամշակութային օջախներ այցերի կազմակերպմամբ:
Ըստ Հարությունյանի՝ Ազգային փոքրամասնությունների հարցով խորհուրդը կարևոր նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ:
comment.count (0)