Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը չի ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշում և դատական կարգով կվիճարկի այն։ Այդ մասին Սանասարյանն ասաց այսօր՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք հիմնավորում ունենք, որ էդ վարույթը նախ պետք է չհարուցվեր, երկրորդը՝ էն հիմնավորումները, որ կան, մեզ համար հիմնավոր չեն», - ասաց Սանասարյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե իր գլխին սև ամպեր են կուտակվում, Սանասարյանն այսպես արձագանքեց. - «Իմ գլխին 11 տարի է սև ամպեր են կուտկվում, և այդ սև ամպերն ինձ չեն անհանգստացնում»։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի, Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:
Նշենք, որ հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ՝ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով, մասնավորապես, քննելու՝ արդյոք Սանասարյանն իր գործունեությամբ նպաստել է զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
comment.count (0)