factor.am: Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից աննախադեպ չափի՝ շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործի Գլխավոր դատախազությունը հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։ Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է այս օրերին, երբ Դատախազությունը չի հաստատում Հակակոռուպցիոն դատարանի առաջադրած մեղադրանքը և համաձայն չէ գործի քննության հետ։ Հունվարի 18-ին ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամի չափով գույքն օրինակացնելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը կրկին հետ էր ուղարկել լրացուցիչ քննության, այնինչ դրանից օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր Գասպարյանի գործով նախաքննության ավարտը։ ՀՀ նախկին ոստիկանապետի գործով Հակակոռուպցիոն դատարան-Գլխավոր Դատախազություն հեռակա բանավեճն այդպես էլ չհարթվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն Դատախազության որոշումը գնահատել էր որպես անօրինական և չհիմնավորված, այնինչ գերատեսչությունը հակադարձել էր․
«Մեղադրական եզրակացությունը հաստատելուց և գործը դատարան ուղարկելուց հետո բացառապես դատախազն է պատասխանատու մեղադրանքի պաշտպանության համար:
Իսկ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ունեն պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և դրա շրջանակում պետք է ապահովեն առաջադրված մեղադրանքների համար բավարար ապացույցներ և դրանց բավարար համակցություն»։
comment.count (0)