Կառավարությունը կօտարի Նորքի այգիներում գտնվող շինությունը․ այժմ այնտեղ քաշաթաղցիներ են բնակվում |hetq.am|
12:35 - 27 հունվարի, 2022

Կառավարությունը կօտարի Նորքի այգիներում գտնվող շինությունը․ այժմ այնտեղ քաշաթաղցիներ են բնակվում |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունները և օգտագործման համար հատկացված հողամասն աճուրդով կօտարվեն։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունվարի 27-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Նշենք, որ այս հասցեում գտնվող շենքում 2020 թ.-ի դեկտեմբերից բնակվում է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից և հարակից գյուղերից տեղահանված 15 ընտանիք։

Ավելի վաղ Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնել էին, որ բնակիչները պետք է լքեն կիսավեր շենքը, քանի որ այն հասարակական նպատակային նշանակության գույք է և ենթակա է օտարման։

Չնայած դրան՝ Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ աճուրդի կայացման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երկամսյա ժամկետում շենքում ապաստանածների ժամանակավոր կացությունն այլ բնակության վայրում ապահովելու մասին առաջարկություն կներկայացնի վարչապետի աշխատակազմին։

Հիշեցնենք, որ կառավարությունը գույքն օտարելու ևս երկու փորձ է արել 2020 և 2021 թվականներին։ Առաջին անգամ մրցույթը համարվել է չկայացած, քանի որ գնման առաջարկը եղել է մեկնարկային գնից ցածր, իսկ երկրորդ անգամ մրցույթը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։

Այս անգամ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 85%-ը՝ նախկին 100%-ի փոխարեն ՝ 1 մլրդ 207 մլն 233 750 դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել