Պետական գույքի կառավարման կոմիտե

Կոմիտեն իրականացնում է իրեն հանձնված պետական գույքի կառավարումը և սպասարկումը:
 
Կոմիտեի նպատակներն են`
- պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) արդյունավետության բարձրացումը․
- պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը․
- պետական գույքի գույքագրումը և ամբողջական հաշվառումը.
պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացումը․
- պետական գույքի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխշահավետ գործընկերության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և նոր գործիքակազմի ներդրումը․
- պետական գույքային հարաբերությունների կարգավորումը և շարունակական բարեփոխումը:
Կոմիտեի խնդիրներն են՝
- պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման ծրագրային կառավարման բարեփոխումը․
- պետական գույքի մասնավորեցման, օտարման, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության, անհատույց օգտագործման տրամադրման ընթացակարգերի պարզեցումը, վարչարարության կրճատումը, գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը․
- պետական գույքի գրավչությունը և վաճառքի խթանումն ապահովելու համար պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացում առավել գործուն և արդյունավետ գործիքակազմի կիրառումը․
- չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացումը․
- պետության գործառույթների համար անհրաժեշտ պետական գույքի կազմի և ճիշտ (նախընտրելի) կառուցվածքի սահմանումը․
պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական միջոցների ներդրումը․
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ գործիքակազմի կիրառումը՝ կոնցեսիոն և հավատարմագրային կառավարման հանձնելու ճանապարհով․
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներից ելնելով պատասխանատվության և կատարված աշխատանքի խրախուսման բնագավառում նոր գործիքակազմի ներդրումը: 
Կոմիտեի ղեկավարը Նարեկ Բաբայանն է։
Ինչ գույք եւ փաստաթղթեր են Արցախի պաշտոնյաները բերել Հայաստան. մաս 2

Ինչ գույք եւ փաստաթղթեր են Արցախի պաշտոնյաները բերել Հայաստան. մաս 2

Արցախի պետական պաշտոնյաները բռնի տեղահանության ընթացքում իրենց հետ հասցրել են Հայաստան բերել ծառայողական մեքենաներ, քրեական գործերի նյութեր, կնիքներ եւ պետական փաստաթղթեր պարունակող համակարգիչներ։ Արցախի Քննչական կոմիտեի քննիչները կարողացել են Հայաստան տեղափոխել իրենց վարույթներում գտնվող որոշ քրեական գործեր՝ Հայաստանում իրենց աշխատանքը շարունակելու համար։ Այս մասին «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց ՔԿ աշխատակազմի ղեկավար Գեւորգ Ղարիբյանը՝ նշելով, որ կարողացել են դուրս բերել նաեւ որոշ կնիքներ եւ համակարգիչներ։  Քննիչները այժմ մեծապես աշխատում են տեղահանության օրերին Ստեփանակերտի վառելիքի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի քննության ուղղությամբ։ Նրանք իրականացնում են զոհերի մարմինների ճանաչման գործողություններ եւ այլ փորձաքննություններ։ Հնարավոր է եղել Հայաստան տեղափոխել նաեւ Քննչական կոմիտեի հաշվեկշռում եղած 9 ծառայողական մեքենաները։ Այդ մեքենաները, ըստ աշխատակազմի ղեկավարի, այս պահին օգտագործում են քննիչները՝ պայթյունին առնչվող քրեական վարույթի շրջանակում իրականացվող աշխատանքներում։ Նրանք, ի դեպ, աշխատում են որպես Արցախի ՔԿ աշխատակիցներ, այսինքն՝ չեն տեղավորվել Հայաստանի քննչական մարմիններում։ Արցախի դատախազության աշխատակիցները նույնպես շարունակում են օգտագործել իրենց ծառայողական մեքենաները Հայաստանում։ Արցախի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեց, որ դատախազության հաշվեկշռում եղել է 10 մեքենա, այստեղ է բերվել 9-ը, քանի որ մեկն անսարք է եղել։ Այդ մեքենաներից 5-6-ը, ըստ դատախազի, NIVA մակնիշի են։ Դատախազության աշխատակիցները, մեր զրուցակցի խոսքով, այլ գույք չեն տեղափոխել՝ բացի սեփական համակարգիչներից․ «Ով ինչ կարողացել է, դա է վերցրել։ Ով կարողացել է, իր համակարգիչն է վերցրել։ Ինչ հարկավոր է եղել ոչնչացնել, ոչնչացվել է։ Իսկ ծառայողական մեքենաները գտնվում են աշխատակիցների մոտ, մինչեւ կառավարությունը որոշում կայացնի, դրանով առաջնորդվենք»,- նշեց Գաբրիելյանը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռում, օրինակ, 2 մեքենա է եղել։ Սակայն, ինչպես մեզ հաղորդեց նախարարության աշխատակազմի ղեկավար Իրինա Սառաջյանը, դրանք բավականին հին են եղել եւ Հայաստան չեն տեղափոխվել։ Իսկ նախարարն իր անձնական մեքենան է շահագործել։ Որեւէ այլ գույք նախարարությունից Հայաստան  չի տեղափոխվել։ Ըստ Սառաջյանի՝ նախարարությունը ադրբեջանական վերջին հարձակումից հետո համակարգում էր գյուղական բնակավայրերից դեպի Ստեփանակերտ քաղաքացիների տարհանումը, ապա՝ դեպի Հայաստան տեղափոխումը, եւ այդ ծանրաբեռնված պահին այլ գույքի տեղափոխմամբ պարզապես հնարավոր չի եղել զբաղվել։ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում հաղորդեց, որ իրենց նախարարության հաշվեկշռում 4 ծառայողական մեքենա է եղել, 4-ն էլ տեղափոխվել են Հայաստան։ Այլ գույք չի տեղափոխվել, իսկ գյուղատնտեսական տեխնիկա, ըստ նախարարի, իրենց հաշվեկշռում չի էլ եղել։ Մեքենաներն օգտագործում են նախարարության աշխատակիցները, իսկ Հայրիյանն անձամբ ծառայողական մեքենա չի ունեցել։ Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք Արցախի այլ նախարարությունների շարժական գույքի վերաբերյալ տեղեկություններ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հաշվեկշռում, օրինակ, եղել է 5 մեքենա, որոնցից 4-ն են Հայաստան բերվել։ Ավելի ուշ պարզեցինք, որ նախարարության հաշվեկշռում եղած մեկ մեքենա անհատույց օգտագործման է տրամադրվել ռուս խաղաղապահներին։ Արցախի պաշտոնյաները պետական գույքը ռուս խաղաղապահների օգտագործմանը հանձնելու իրավական հիմքը չեն մատնանշում, սակայն ասում են, որ տարբեր գերատեսչություններից ռուս խաղաղապահներին պետական գույք, դիզվառելիք եւ ծառայություններ անհատույց տրամադրելու պրակտիկա եղել է։ Ռուս խաղաղապահների օգտագործմանը տրամադրված՝ ԿԳՄՍՆ-ին պատկանող մեքենայի պահպանման եւ վառելիքի ծախսերը հոգացել է պետական «Ստեփսերվիս» ՓԲԸ-ն։ Հիշեցնենք, որ օրերս ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ որեւէ տեղեկություն չունի Արցախի ծառայողական մեքենաների, ինչպես նաեւ գերատեսչությունների հաշվեկշիռներում ներառված այլ գույքի մասին։ Մինչդեռ Արցախի տարբեր նախարարությունների աշխատակիցներ մեզ հայտնել են, որ Հայաստան բերված ծառայողական մեքենաների վերաբերյալ տվյալները տրամադրել են Կոմիտեին եւ սպասում են դրանց օգտագործման վերաբերյալ կառավարության որոշմանը։ Հայարփի Բաղդասարյան
13:11 - 20 հոկտեմբերի, 2023
Ծառայողական մեքենաներ Արցախից բերվել են. դրանք այս պահին տնօրինում են արցախցի պաշտոնյաները

Ծառայողական մեքենաներ Արցախից բերվել են. դրանք այս պահին տնօրինում են արցախցի պաշտոնյաները

Արցախի գերատեսչություններին սպասարկած ծառայողական մեքենաներ բերվել են Հայաստան․ դրանց մի մասը կայանված է Արցախի ներկայացուցչությունում, իսկ մյուս մասը շարունակում է սպասարկել արցախցի պաշտոնյաներին։ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն, սակայն, «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան այսօր հայտնել է, որ որևէ տեղեկություն չունի Արցախի ծառայողական մեքենաների, ինչպես նաեւ գերատեսչությունների հաշվեկշիռներում ներառված այլ գույքի մասին։ Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հերքել էր տարածվող այն լուրերը, թե ծառայողական մեքենաները սեփականաշնորհվել են ֆիզիկական անձանց կողմից, սակայն չէր մանրամասնել, թե որտեղ են ավտոմեքենաները կամ ովքեր են տնօրինում դրանք։  Քանի որ պատասխանատու մարմինները դեռեւս ոչինչ չեն հայտնում Արցախի պետական գույքի մասին, «Ինֆոքոմը» փորձեց տեղեկություններ ստանալ հենց պետական մարմինների աշխատակազմերից։  Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Շավարշ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ Պետգույքի կառավարման կոմիտեին արդեն ներկայացրել է Հայաստան բերված եւ նախարարության հաշվեկշռում եղած մեքենաների մակնիշի, համարանիշերի, եւ դրանք օգտագործող անձանց մասին տվյալներ։ Ըստ Սարգսյանի՝ Արցախի ԿԳՄՍՆ հաշվեկշռում 5 մեքենա է եղել. 2-ը՝ Hyundai H-1, 2-ը՝ Hyundai Tucson, 1-ը՝ LADA Niva մակնիշի մեքենաներ: Դրանցից չորսն են, սակայն, այժմ գտնվում Հայաստանում. Hyundai H-1-ներից մեկը, ըստ աշխատակազմի ղեկավարի,անսարք է եղել եւ չի տեղափոխվել։ Մեքենաներից 2-ը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում են եւ չեն օգտագործվում, 2-ը՝ նախարարության աշխատակիցների մոտ են եւ սպասարկում են նախարարին ու փոխնախարարին։ Արցախի Առողջապահության նախարարության ծառայողական մեքենաները, ըստ նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի, 2-ն են եղել. մեկը սպասարկել է նախարարին, մյուսը՝ աշխատակազմին։ Նախարարը շարունակում է օգտագործել իր մեքենան, իսկ ինքը՝ Առաքելյանը, վարում է մյուս մեքենան։ Նա, ինչպես եւ Շավարշ Սարգսյանը, նշեց, որ սպասում են Հայաստան բերված պետական գույքի վերաբերյալ մեկ միասնական որոշմանը․ «Որտեղ ասեն, էնտեղ էլ հաշվառելու ենք։ Առայժմ օգտագործում ենք, մինչեւ որոշում կայացվի»,- նշեց Առաքելյանը։ Նրա խոսքով՝ Արցախի առողջապահության նախարությունն այլ գույք կամ տեխնիկա չի տեղափոխել Հայաստան, այդ թվում՝ բժշկական սարքավորումներ։ 2 ծառայողական մեքենա է ունեցել նաեւ Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։ Դրանք եւս այժմ Հայաստանում են, ժամանակավորապես գտնվում են Արցախի ներկայացուցչությունում։ Արցախի ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը մեր զրույցում նշեց, որ նախարարությունից այլ գույք չի բերվել Հայաստան, իսկ մեքենաների վերաբերյալ ինչ որոշում կայացվի, այն էլ կիրականացվի։ Արցախի Արդարադատության նախարարության հաշվեկշռում համեմատաբար ավելի շատ մեքենա է եղել։ Նախարար Սրբուհի Արզումանյանն «Ինֆոքոմին» հայտնեց, որ դրանց հիմնական մասը բերվել է Հայաստան։ Մասնավորապես, դուրս են բերվել նախարարության աշխատակազմին, այդ թվում՝ նախարարին սպասարկող 2 մեքենաները, մոտ 5 տրանսպորտային միջոց էլ եղել է ԴԱՀԿ-ի տնօրինման տակ։ Արզումանյանի փոխանցմամբ՝ մեքենաների մի մասը սարքին չի եղել։ Նախարարը, սակայն, չհստակեցրեց, թե այդ 5 մեքենաներից քանիսն է այժմ գտնվում Հայաստանում․ «Լիազոր մարմինները կասեն՝ ինչ է լինելու, եւ երբ ընդհանուր լուծում լինի, ըստ այդմ կգործենք»,- եզրափակեց Սրբուհի Արզումանյանը։ «Ինֆոքոմը» շարունակում է հետեւել Արցախի պետական գույքի տնօրինման վերաբերյալ որոշումներին։  Լուսանկարի աղբյուրը՝ radiovan.fm Հայարփի Բաղդասարյան
20:45 - 16 հոկտեմբերի, 2023
Բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին հնարավոր վաճառքի մասին |armenpress.am|

Բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին հնարավոր վաճառքի մասին |armenpress.am|

armenpress.am: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը վստահեցնում է, որ Հայաստանում բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին: Ավետիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում՝ անդրադառնալով լրագրողի փոխանցած ահազանգին, թե թուրքերը հողատարածքներ են ձեռք բերում Հայաստանում,  և հարցին, թե քանի՞ գույք է ձեռք բերվել թուրքերի, ադրբեջանցիների կողմից: Ավետիսյանը նշեց՝ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից: «Ես գիտեմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: Այսինքն՝ ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան»,-ասաց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թթ. ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծեց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել: Կոմիտեն անշարժ գույքի վաճառքի տվյալներ չունի, սակայն պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին:
13:34 - 16 մարտի, 2022
Կառավարությունը կօտարի Նորքի այգիներում գտնվող շինությունը․ այժմ այնտեղ քաշաթաղցիներ են բնակվում |hetq.am|

Կառավարությունը կօտարի Նորքի այգիներում գտնվող շինությունը․ այժմ այնտեղ քաշաթաղցիներ են բնակվում |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունները և օգտագործման համար հատկացված հողամասն աճուրդով կօտարվեն։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունվարի 27-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։ Նշենք, որ այս հասցեում գտնվող շենքում 2020 թ.-ի դեկտեմբերից բնակվում է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից և հարակից գյուղերից տեղահանված 15 ընտանիք։ Ավելի վաղ Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնել էին, որ բնակիչները պետք է լքեն կիսավեր շենքը, քանի որ այն հասարակական նպատակային նշանակության գույք է և ենթակա է օտարման։ Չնայած դրան՝ Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ աճուրդի կայացման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երկամսյա ժամկետում շենքում ապաստանածների ժամանակավոր կացությունն այլ բնակության վայրում ապահովելու մասին առաջարկություն կներկայացնի վարչապետի աշխատակազմին։ Հիշեցնենք, որ կառավարությունը գույքն օտարելու ևս երկու փորձ է արել 2020 և 2021 թվականներին։ Առաջին անգամ մրցույթը համարվել է չկայացած, քանի որ գնման առաջարկը եղել է մեկնարկային գնից ցածր, իսկ երկրորդ անգամ մրցույթը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։ Այս անգամ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 85%-ը՝ նախկին 100%-ի փոխարեն ՝ 1 մլրդ 207 մլն 233 750 դրամ։
12:35 - 27 հունվարի, 2022
ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը

ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը

Պետական գույքի կառավարման կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն պատրաստվում է օտարել ԵՊՀ՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող «Սև շենքը», չի համապատասխանում իրականությանը։ ԵՊՀ «Սև շենքը»-ի օտարման հարցը Կոմիտեում երբևէ չի քննարկվել։ Իրականում խոսքը գնում է նույն հասցեում գտնվող հողամասի՝ կից հրապարակված հողամասի հատակագծում, բաժանման սխեմայում նշագրումով առանձնացված 197.27 քառ. մետր մակերեսով հատվածի մասին, որն, ինչպես երևում է կից հրապարակված լուսանկարում, գլխավորապես ծառայում է որպես ավտոկայանատեղի և այլ նպատակով չի օգտագործվում։  «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանի կողմից ներկայացված հարցումը վերաբերել է բացառապես ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ-ի մասնաշենքին կից ավտոկայանատեղիին, այլ ոչ թե՝ «Սև շենքը»-ին։ Կից հրապարակում ենք հարցումը։ Ի պատասխան հայտնել ենք, որ տվյալ հատվածի օտարման նպատակահարմարության հարցը պարզելու համար աշխատանքային կարգով քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Ընդգծում ենք, որ քննարկումը չի ենթադրում տվյալ հատվածի օտարման մասին որոշման կայացում։ Պետական գույքի արդյունավետ կառավարմամբ շահագրգիռ բոլոր անձանց կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն՝ այն զուգորդելով սեփական անհիմն մեկնաբանություններով, և նման դեպքերում, արժանահավատ տեղեկատվության ստանալու համար, դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե»։
16:57 - 11 հունիսի, 2021