Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները
23:26 - 31 հունվարի, 2022

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հունվարի 31-ին ծառայության ղեկավար անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերի մասնակցությամբ կայացել է ծառայության՝ 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփման նիստը, որին ներկա է եղել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
 
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը նախ շնորհավորել է Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Արփինե Սարգսյանին պաշտոնին նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
 
Այնուհետև ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական ծառայության համակարգում իրականացված աշխատանքների թվային համեմատական տվյալները, ինչպես նաև համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերն ու օրենսդրական նախաձեռնությունները:
 
Հաշվետու զեկույցի արդյունքներով ծառայության պետը տվել է հասցեական հանձնարարականներ՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի նույն ժամանակաշրջանում կարձանագրվի առավել գոհացուցիչ պատկեր և΄ ազատազրկված անձանց, և΄ հանրության, և΄ հենց քրեակատարողական ծառայողների համար: Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել նաև Արդարադատության նախարարությանը՝ ի դեմս նախարար Կարեն Անդրեասյանի և փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ համակարգին մշտապես պատրաստակամորեն աջակցելու համար: 
 
Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին, առանձնահատուկ շեշտել է, որ ընթացիկ տարում թիրախում պետք է պահել հատկապես ազատազրկված անձանց և աշխատակիցների համար շենքային պայմանների բարելավման գործընթացը, դատապարտյալների զբաղվածության կայուն ապահովումը, քրեակատարողական հիմնարկների ինժեներատեխնիկական հագեցվածության խնդիրները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի շարունակականության ապահովումը։
 
Նիստի ավարտին ծառայության պետը 2021 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար մի շարք ծառայողների պարգևատրել է «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, մի խումբ ծառայողների նկատմամբ էլ կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել