Պատգամավորն առաջարկում է Մարաղայի զոհերի հիշատակի օր սահմանել |hetq.am|
12:46 - 01 փետրվարի, 2022

Պատգամավորն առաջարկում է Մարաղայի զոհերի հիշատակի օր սահմանել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն առաջարկում է ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Տոների և հիշատակի մասին» օրենքում:

Մարաղան քաղաքատիպ ավան է Արցախի Մարտակերտի շրջանում, սահմանակից է Ադրբեջանի Թարթառի (Միրբաշիր) շրջանին: Ըստ 1989 թ. բնակչության մարդահամարի տվյալների՝ ավանում բնակվում էր 4660 մարդ։ 1992 թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում ադրբեջանական ռազմական հանցագործության ժամանակ դաժանաբար խոշտանգվել ու զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին։

Նախագծում հիշատակվում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և պալատի նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ ողբերգությունից հետո ավան այցի մասին: Ըստ վերջինիս վկայակոչման՝ սպանված բնակիչների մարմիններն անդամահատված, այլանդակված և հրկիզված են եղել։ Բարոնուհի Քոքսը Մարաղան անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։

Մարաղայի ջարդերի ու աննախադեպ դաժանության մասին փաստում է նաև Թոմաս դե Վալը իր` «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջև» աշխատությունով:

Մարաղայի ջարդերի կազմակերպիչները չեն պատժվել, ջարդերի կազմակերպիչ, «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը Ադրբեջանի նախագահի 23.06.1993թ. թիվ 6 հրամանով արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման:

Ըստ նախագծի հեղինակի՝ նման հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն արմատավորման և այլատյացության, ինչն էլ առավել քան ցայտուն դրսևորվել է նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակմամբ:

Ուստի պատգամավորն առաջարկում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր՝ զոհերի հիշատակը հարգելու և մարդկության ու համամարդկային արժեքների դեմ ուղղված այդ հանցավոր արարքին գնահատական տալու համար: Որպես հիշատակի օր առաջարկվում է սահմանել Մարաղայի վրա ադրբեջանական զորքերի հարձակման օրը` ապրիլի 10-ը:

Նշենք, որ նախագիծը նիստերի օրակարգում ներառվելու համար պետք է նախ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել