Gյումրիում փողոցաշինական աշխատանքների իրականացման համար ոչ մի խնդիր չկա: Այս մասին մարտի 20-ին հրավիրած ասուլիսում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Փողոցաշինական աշխատանքները մեկնարկել են: Բնական է, շինարարության ժամանակ կլինեն անհանգստություններ, բայց դա ժամանակավոր է»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ գյումրեցիներին համբերատարություն մաղթելով:
Ընտրված 34 փողոցները նորոգվելու են հիմնովին, սակայն, նախորդ անհանգստությունը բացառելու համար, այս անգամ քանդելու են ոչ թե մայթերն ու փողոցները միաժամանակ, այլ նախ մայթերը, ապա՝ փողոցները: Փողոցները հիմնականում կենտրոնական փողոցներն են:
«Մինչ այս երբեք նման աշխատանքներ չեն կատարվել, նման ծավալով: Ոչ մի խնդիր չունենք՝ փողը կա, նախագծերը կան, շինարարները կան, ժամկետները տրված են: Բոլոր շինարարական ընկերություններն արդեն սկսել են աշխատանքները: Սա 3 տարվա ծրագիր է, իսկ փողոցների վերանորոգումից հետո քաղաքում շուրջ 11 հազար 500 լուսակետ էլ է տեղադրվելու»,- ասաց նա:
Քաղաքապետի խոսքով՝ ծրագրի առաջին փուլը կավարտվի հունիսին, իսկ օգոստոսին նախատեսվում է սկսել երկրորդ փուլը:
«Ամեն ինչ կանենք կանոնակարգված՝ հնարավորինս քիչ անհանգստություններ պատճառելով բնակչությանը»-նշեց քաղաքապետը:
Սամվել Բալասանյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին չկա նախագծային փոփոխության խնդիր, դրանք արդեն կատարվել են: Տվյալ փողոցներում կառուցվելու են ջրահեռացման համակարգեր, բոլոր վերգետնյա համակարգերը դառնալու են ստորգետնյա:
Խոսելով ժամկետների մասին՝ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն աշխատանքներն իրականացնում է պայմանագրով, և ժամկետների խախտման դեպքում տվյալ կազմակերպությունը կենթարկվի տուգանքի:
Աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով:
ՎԶԵԲ-ի ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին, առաջին փուլն ավարտվելու է 3 ամսից` հունիսին, երկրորդ փուլը սկսվելու է օգոստոսին, ավարտվելու է հաջորդ տարի հունիսին, այնուհետ մեկնարկելու է ծրագրի վերջին փուլը:ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի, նաեւ համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվելու է քաղաքի փողոցների ու հրապարակների 60 տոկոսը` շուրջ 40 կիլոմետր երկարություն:
armenpress.am
comment.count (0)