Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում, անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին․ «Երեկ Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել՝ մասնավորապես նշելով, թե ում է պետք Հայաստանը և այլն։
Ես ուզում եմ նշել, որ այդ որակումները իսկապես դատապարտելի են։ Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ, և ես ուզում եմ հիշեցնել, թե վերջերս ղազախական դեպքերի ժամանակ ում էր պետք Հայաստանը, և ես վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը․ «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան»։
comment.count (0)