Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Լարա Ահարոնյանի դեմ ֆեյսբուքյան սպառնալիքների և հայհոյանքների առթիվ:
Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լարա Ահարոնյանն իր դեմ սպառնալիքների առթիվ իրավապահներին է դիմել մարտի 11-ին. այն բանից հետո, երբ մարտի 8-ին, խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովում արած իր հայտարարությունից հետո ատելության ֆեյսբուքյան արշավ սկսվեց իր դեմ: Դիմումում Ահարոնյանը խնդրել է գտնել և պատժել վիրավորանքների և ատելության խոսքի հեղինակներին։
«Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում Լարա Ահարոնյանը ասել էր, թե շատ անգամ կնոջ մասին խոսելիս, մենք պատկերացնում ենք միայն հայ կնոջ ու վերջ:
«Բայց ես ուզում եմ հիշեցնեմ, որ մենք նաեւ միայնակ մայրերն ենք, բանակում երեխա կորցրած մայրերը։ Մենք նաև մայր դառնալ չուզեցողներն ենք, մենք նաև տրանս կանայք ենք լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք, ուզում ենք կամ չենք ուզում երեխա ունենալ կամ որդեգրել, նաև եզդի կանայք ենք ու եթե օրենքներ ենք մշակում, պետք է այնպես անենք, որ մի տեսակ կանայք չլինեն այդ օրենքի կենտրոնում»,-հավելել էր նա։
Այս հայտարարությունը մեծ աղմուկ ու բողոքի ալիք բարձրացրեց: «Սրա նմաններին պետք է վառել մեր անհանդուրժողականության ու ժխտողականության կրակի վրա»,- ի պատասխան Ահարոնյանի հայտարարության՝ ֆեյսբուքում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը:Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Խորասանյանը գրել է. «Սա էլ անբարո նոր ձև է գովազդվելու համար, տեսարաններ, սենսացիաներ, այս ուր են գլորվել»:
Եղան նաև այլ բազմաթիվ վիրավորական ու սպառնալից գրառումներ: Մեր հարցին, թե իրական սպառնալիք զգո՞ւմ է, Լարա Ահարոնյանը պատասխանեց. «
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսքով՝ առավել կարևոր է ուշադրության կենտրոնում պահել հարցը, որ անձը հետապնդման է ենթարկվում իր կարծիքն արտահայտելու համար:
«Հայաստանում նման հետապնդման կամ ատելության խոսքի հեղինակը մշտապես մնացել է անպատիժ»,-նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե նախորդ իշխանության ժամանակ կարելի էր ենթադրել, որ դա քաղաքական պատվեր է կամ հովանավորված է, այս իշխանության ժամանակ «նման բան պնդելու հիմքեր չունի»:
Մյուս կողմից Արթուր Սաքունցը գտնում է, որ իշխանությունը պետք է դիրքորոշում արտահայտի նման դեպքերի առթիվ. «Առնվազն ԱԺ հանձնաժողովը պետք է դա աներ, որտեղ անցկացվել է քննարկումը»:
Մարդու իրավունքների մասին խոսելը որպես քարոզչություն որակելը Սաքունցն անընդունելի է համարում: «Մարդը չպետք է կաշկանդված զգա կարծիք արտահայտելու ժամանակ, և սա պետք է ապահովի իշխանությունը»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Թշնամանք հրահրող և պարունակող կարծիքները պետք է կանխվեն և այդ խնդիրը պետք է լուծի իշխանությունը՝ իր արդյունավետ գործողություններով, իր դիրքորոշումներով»:
Ըստ հայտարարության հեղինակների՝ «Ցավոք, ատելության խոսքի դեմ ոստիկանություն իրավապաշտպանների տրված հաղորդումներից որևէ մեկը չի բացահայտվել, և ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվել, և ոստիկանության ու այլ իրավասու կառույցների անգործությունը միայն վատթարացնում է դրությունը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները անպատիժ են մնում»։
Ուստի վերոնշյալ կազմակերպությունները գտնում են, որ ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի ոստիկանության արդյունավետ գործունեությունը իրավապաշտպանների դեմ ատելության խոսքի, հարձակումների դեպքերով պատշաճ քննության առնչությամբ և փոփոխություններ նախաձեռնի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ ներառելով կարգավորումներ ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ։
comment.count (0)