Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն. հայտարարություն
08:06 - 23 սեպտեմբերի, 2019

Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն. հայտարարություն

«Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում:

Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև նկարգրված դեպքերում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ միջոցներ է կիրառել և շարունակում է կիրառել Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող Ջերմուկի բնակիչների նկատմամբ, ինչը տարբերվում է այլ համանման դեպքերում՝ ենթադրաբար իրավախախտում թույլ տված քաղաքացիների նկատմամբ կիրառվող միջոցների պրակտիկայից և կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում:

  1. 2019թ. օգոստոսի 25-ին Գնդեվազ գյուղում ծեծկռտուքի և հայհոյանքների համար խուլիգանության մեղադրանքովձերբակալվել է երեք անձ, որոնց նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու որոշում է կայացվել: Անձանցից երկուսը Ամուլսարի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցող Ջերմուկի բնակիչներ են։ Ուսումնասիրելով վերջին 1.5 տարվա ընթացքում նմանատիպ այլ գործերը՝ պարզում ենք, որ խուլիգանության հոդվածով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերից ընդամենը 3-ի դեպքում է, որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։ ա) Կոտայքի մարզում ոստիկանական բաժնի վրա հարձակման եղանակով կատարված խուլիգանության գործով։ բ) Հեղափոխության օրերին Քեթրինի Միհրանի համհարզների կողմից Ռուբինյանց փողոցում մարդկանց վրա մահակներով հարձակման գործով (որն, ի դեպ, երկու շաբաթ անց փոխարինվեց գրավով)։ գ) Իր հանրային վտանգավորությամբ մյուսներին զիջող Գնդևազում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ի դեպ, գործը բացառիկ է նաև այն առումով, որ խմբի կողմից խուլիգանության, այդ թվում նույնիսկ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ու շատ ավելի ծանր դեպքերում, նույնիսկ մինչև հեղափոխությունը, չի գտնվում գեթ մեկ գործ, որով խմբի բոլոր անդամները կալանավորված լինեն։

  2. 2019թ. հուլիսի 13-ին, երբ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը փորձում էր Լիդիան ընկերության մասնագետների ուղեկցությամբ և Լիդիան ընկերության ավտոմեքենաներով մտնել Ամուլսարի ծրագրի տարածք և քաղաքացիներն արգելափակեցին նրանց մուտքը, ոստիկանությունըբռնությամբ բերման ենթարկեց երկու եղբայրների՝ Արթուր և Սոսո Խաչատրյաններին, որոնցից մեկի ոտքը հոդախախտ էր եղել ոստիկանության բռնությունների արդյունքում: Երկու եղբայրներին 50.000-ական դրամի վարչական տուգանք է նշանակվել, չնայած նրանք որևէ այլ բան չէին անում, քան այդտեղ գտնվող մյուս քաղաքացիները, չէին դրսևորում ագրեսիվ կամ բռնի վարք: Անհամաչափ բռնություն գործադրելու և քաղաքացիներից մեկի ոտքը դուրս գցելու համար որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նույն օրը ոստիկանները խաղաղ ցուցարարներից երկու այլ անձի բերման ենթարկելու համար ձեռնաշղթաներ են հագցրել, ինչը նույնպես անհամաչափ միջոց էր անցկացվող խաղաղ հավաքի և տվյալ անձանց՝ բացարձակապես ոչ-բռնի վարքի պայմաններում:

  3. 2019թ. հունիսի 21-ի գիշերը, Ջերմուկի երկու քաղաքացի, որոնք ընդգրկված են եղել նաև Ամուլսարի պաշտպանության շարժման մեջ,ծեծկռտուքի մեջ են ներգրավվել իրենց համաքաղաքացիների հետ: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով և նրա նկատմամբ կիրառվել է կալանք:

  4. Մեկ տարի առաջ, 2018թ. օգոստոսի 27-ին Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, ամբողջովին սխալ ներկայացնելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիստուգման արդյունքները, փորձում էին ներխուժել հանքավայրի տարածք և վերսկսել աշխատանքները, հանդիպեցին Ջերմուկ համայնքի բնակիչների և Հայաստանից ու արտերկրից նրանց սատարելու եկած հարյուրավոր այլ անձանց դիմադրությանը:

    Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցներն այդ օրը կիրառել են սադրիչ գործողություններ, քարեր են շպրտել ցուցարարների ուղղությամբ և գազ են փչել նրանց վրա (ինչպես նաև ոստիկանների) դեմքին, ինչի մասին կան վկայություններ և տեսանյութեր: Այնուամենայնիվ, ոստիկանությունը, հիմնվելով Լիդիանի երկու աշխատակցի ցուցմունքի վրա, քրեական գործ է հարուցել միայն Ջերմուկ քաղաքի բնակիչներ և Ամուլսարի պահապաններ Արթուր Գրիգորյանի և Արտաշես Խաչատրյանի նկատմամբ՝ ընդ որում, անհասկանալի պատճառներով այդ գործը միացնելով նախորդ կետում նկարագրված գործին, որը տեղի էր ունեցել շուրջ մեկ տարվա տարբերությամբ, միմյանցից լիովին տարբեր հանգամանքներում և լիովին տարբեր անձանց ներգրավմամբ:

    Պատշաճ քննություն չի տարվել մարդկանց, այդ թվում՝ ծառայողական հրամաններ կատարող ոստիկանների առողջությանը վնաս հասցրած գազ փչողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու, բռնությամբ մարդկանց պատնեշը ճեղքելու և դեպի Ամուլսար ճանապարհը բացելու կոչեր անողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սույն փաստերի շարադրմամբ հայտարարում ենք, որ այս ամենը հիմք է տալիս խոսելու ազատ հավաքների իրավունքների իրավունքի կոպիտ խախտումների, անհամաչափ պատժիչ գործողությունների և ընտրովի արդարադատության մասին, ինչը լի է լրջագույն հետևանքներով թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության կայացման համար։

Մենք, ներքոստորագրյալներս, իրավապահ համակարգի ատյաններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները, դրսևորել ոչ-խտրական վերաբերմունք Ամուլսարի պայքարում ներգրավված քաղաքացիների նկատմամբ:

  1. 1-ին և 3-րդ կետերին վերաբերող դեպքերով պահանջում ենք վերացնել կալանքի մասին որոշումները:

  2. 2-րդ կետերին վերաբերող դեպքերով՝ դադարեցնել վարչական հետապնդումը և պատժել անհիմն բռնություն գործադրած ոստիկաններին:

  3. 4-րդ կետի դեպքով՝ դադարեցնել քրեական հետապնդումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել