Վարչապետի հանձնարարականով ձևավորված անօթևանների հաշվառման հանձնաժողովը Գյումրիում մեկ շաբաթից արտագնա նիստ է անցկացնելու:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ այդ հանձնաժողովին զուգահեռ, քաղաքապետարանը ևս ուսումնասիրություններ է իրականացնում: Տնակների հաշվառման արդյունքում Գյումրիում դրանց թիվը պակասել է:
«Մենք նույնպես հանձնաժողով ենք կազմել, ուսումնասիրում ենք ամեն մի տնակի վիճակը: Մեզ համար արդեն պարզ է, որ Գյումրիում կա 2805 տնակ: Մեկ տարի առաջ կատարված հաշվառմամբ այդ թիվը 2854 էր, այսինքն` այս ընթացքում 49 ընտանիք բնակարան է ստացել: Հնարավոր է` մեր հաշվարկներում 5 տոկոսի սխալ թույլ տված լինենք: Հիմա այդ 5 տոկոսն էլ ուզում ենք ճշտել: Մեր հաշվարկներով կա 410 քարաշեն տնակ, 500 բնակիչ դեռ չի սեփականաշնորհել իրեն հատկացված բնակարանը: Այդ 500-ից 121-ը դեռ տնակում են ապրում: Հաջորդ երեքշաբթի կառավարության հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը արտագնա նիստ կանցկացնի այստեղ»,- նշեց Սամվել Բալասանյանը:
Ուսումնասիրությունները Գյումրիի քաղաքապետարանը կշարունակի, իսկ վարչապետին հանձնաժողովը վերջնական արդյունքները ներկայացնելու է հունիսի 30-ին:
comment.count (0)