Գերմանացի և հայ մասնագետները միասին գիտահետազոտական աշխատանքներ են իրականացրել |armenpress.am|
12:08 - 13 մայիսի, 2019

Գերմանացի և հայ մասնագետները միասին գիտահետազոտական աշխատանքներ են իրականացրել |armenpress.am|

armenpress.am: Գեղարդի, Զվարթնոցի և Ավանի տաճարների որոշ քայքայված հատվածներում գերմանացի և հայ մասնագետների աշխատանքային խումբը իրականացրել է գիտահետազոտական աշխատանքներ։ Ինչպես հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, ուսումնասիրությունները իրականացվել են համատեղ ծրագրի շրջանակներում։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գյոթենգեն քաղաքի Գեորգ Ավգուստի անվան համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) համագործակցության և Վոլքսվագեն հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվում է «Քարերը հայկական ճարտարապետության ժառանգության մեջ» 3 տարվա գիտագործնական, հետազոտական ծրագիր։

2019-ի մայիսի 13-ին ՃՇՀԱՀ-ում կայացավ երեք շաբաթների ընթացքում կատարված հետազոտությունների ամփոփումը, որին ներկա էին համալսարանի ղեկավարությունը, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ և ԻԿՈՄՈՍ-Հայաստան կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը:

Ծրագրի շրջանակներում ապրիլի 23-ից մայիսի 12-ը ուսումնասիրվել են Գեղարդի, Զվարթնոցի և Ավանի տաճարները։ Արդյունքում կատարվել է քարերի քայքայված հատվածների և կապակցող շաղախի տարբեր հետազոտություններ ու լաբորատոր փորձարկումներ։ Լաբորատոր փորձարկումներն իրականացվել են ՃՇՀԱՀ-ի Հուշարձանների չափագրման և ախտորոշման, Քիմիայի եւ կապակցող նյութերի և Շինարարական նյութերի և պատրաստածքների ուսումնագիտահետազոտական մասնագիտացված լաբորատորիաներում։

Վերցված նմուշների մի մասի հետազոտությունները կշարունակվեն Գերմանիայում, որից հետո միայն կտրվեն համապատասխան եզրակացություններ։ Հետազոտություններն իրականացվել են հայ և գերմանացի մասնագետների հետ համատեղ։

«Քարերը հայկական ճարտարապետական ժառանգության մեջ» ծրագրի նպատակն է նպաստել վերականգնող-ճարտարապետների և հարակից մասնագետների վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության գործնական ամրակայման ու պահպանման աշխատանքների իրականացմանը՝ կանխելով քարերի քայքայումը և լուծելով պահպանության խնդիրները։ 2019-ին մեկնարկած այս ծրագիրը հնարավորություն կտա հայ մասնագետներին նաև Գերմանիայում շարունակել հետազոտական աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել