ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու․Պուտին |hetq.am|
00:34 - 22 փետրվարի, 2022

ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու․Պուտին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված շուրջ 50-րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ 

Պուտինի խոսքով՝ այդ որոշումը վաղուց էր հասունացել։ Նա կոչ արեց Պետդումային վաղը սատարել այդ որոշմանը։ 

ՌԴ նախագահը հայտարարեց նաև, որ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների հետ կնքվելու են բարեկամության և գործընկերության պայմանագրեր։ Տեսաուղերձի վերջում նա ստորագրեց համապատասխան հրամանը։ Ընդ որում, տեսանյութից պարզ դարձավ, որ Պուտինի հետ միևնույն աշխատասենյակում գտնվում էին Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Ռուսաստանի նախագահն իր ելույթը սկսեց հետևյալ նախադասությամբ. «Իմ ելույթի թեման Ուկրաինայում առկա իրավիճակն է, թե ինչու է դա այդքան կարևոր մեզ համար, Ռուսաստանի համար»։

Իր տեսաուղերձի առաջին մասում Պուտինը մանրամասն պատմեց ԽՍՀՄ անկման մասին, որի արդյունքում ի հայտ է եկել անկախ Ուկրաինան։ Նա հայտարարեց ժամանակակից Ուկրաինայում կոռուպցիայի և բարձր կոմունալ վճարների մասին, հայտնեց, որ Ուկրաինայում ագրեսիվ գործողություններն իրականացվում են արևմտյան հատուկ ծառայությունների օգնությամբ և հավելեց, որ ուկրաինական իշխանությունները կարող են ստեղծել միջուկային զենք, իսկ այդ երկրի տարածքում փաստացի «տեղակայված են ՆԱՏՕ-ի բազաներ»։

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Պուտինը նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու։ Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նրա տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի տեղակայումն արդեն որոշված հարց է։ Ըստ նրա՝ դրանով Ռուսաստանին անակնկալ հարվածելու հավանականությունն ընդլայնվում է։

Տեսաուղերձի վերջում դիմելով Կիևին՝ Պուտինը պահանջեց դադարեցնել մարտական գործողությունները, հակառակ պարագայում զգուշացնելով, որ իրավիճակի ողջ պատասխանատուն կլինի Կիևը։ Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, Պուտինը չմանրամասնեց։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել