Պուտինն ու Ալիևը ստորագրել են 43 կետից բաղկացած դաշնակցային համագործակցության հռչակագիր
20:50 - 22 փետրվարի, 2022

Պուտինն ու Ալիևը ստորագրել են 43 կետից բաղկացած դաշնակցային համագործակցության հռչակագիր

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն ավարտել են բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 4 ժամ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բանակցություններից հետո երկու երկրների նախագահները ստորագրել են դաշնակցային համագործակցության հռչակագիրը, որում 43 կետ կա։

Հռչակագիրը հրապարակվել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում։

Հռչակագրի առաջին կետի համաձայն՝ Ռուսաստանը և Ադրբեջանն իրենց հարաբերությունները կառուցում են սահմանների անքակտելիության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա:

Կետերից, մասնավորապես, մեկում ասվում է․

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունն այսուհետ ևս աջակցություն կցուցաբերեն Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների դրույթների իրականացմանն ուղղված ջանքերին, որոնք հիմք են ծառայել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման, տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կայունացման համար»։

Մեկ այլ կետով երկրները կարող են քննարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։

«Անվտանգության ապահովման, խաղաղության և կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են քննարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի առկա միջազգային-իրավական պարտավորությունները»:

Կետերից մեկում ասվում է․

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակների դեպքում, երբ կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգային շահերի վրա, ինչպես նաև այն դեպքում, եթե առաջացել է նման վտանգ։  Խորհրդակցությունների  նպատակն է լինելու իրավիճակի կարգավորումը»։

Իսկ մեկ այլ կետով ամրագրվում է․

«Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողություններից, այդ թվում՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվող»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել