Ի՞նչ ազդեցություն կունենան ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ՀՀ կինոոլորտում․ կինոթատրոնները սպասում են
20:26 - 04 մարտի, 2022

Ի՞նչ ազդեցություն կունենան ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ՀՀ կինոոլորտում․ կինոթատրոնները սպասում են

Համաշխարհային խոշոր կինոընկերությունների՝ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառած սահմանափակումները կարող են ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի Հանրապետության վրա, քանի որ վերջինս հոլիվուդյան ֆիլմերի կինովարձույթը իրականացնում է Ռուսաստանից։

Ինչպես օրերս հայտնի դարձավ, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Walt Disney, Sony, Warner Bros կինոընկերությունները կասեցրել կամ դադարեցրել են իրենց ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում։ Դրանց թվում են «Batman» ֆիլմը, որի պրեմիերան ՌԴ-ում նախատեսված էր մարտի 2-ին, ինչպես նաեւ «Turning Red» եւ «Morbius» ֆիլմերը։ Կինոընկերությունները հստակ ժամկետներ չեն սահմանել՝ նշելով միայն, որ կհետեւեն իրադարձությունների ընթացքին եւ որոշումներ կկայացնեն՝ կախված զարգացումներից։

«Մոսկվա» կինոթատրոնի մարկետինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ռեպերտուարով հաստատված բոլոր ֆիլմերը ցուցադրում են, բայց սպասում են դիստրիբյուտոր (մատակարար) գործընկերների պաշտոնական հաղորդագրություններին, որպեսզի կարողանան իրենց գործողությունների պլանը մշակել։

Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ բոլոր կինոթատրոնները, այդ թվում՝ «Մոսկվա» կինոթատրոնը, ֆիլմերի իրավունքների ձեռքբերման գործընթացը կազմակերպում են՝ համագործակցելով արտասահմանյան դիստրիբյուտորական տարբեր ընկերությունների հետ, քանի որ ՀՀ-ում դիստրիբյուտոր չկա, եւ դրանց մեջ ամենամեծ խումբը կազմում են ռուսական ընկերությունները։ Այդ է պատճառը, որ ի սկզբանե իրենք եւս մտավախություն ունեին, որ  պատժամիջոցները կանդրադառնան անմիջապես ՀՀ-ում ֆիլմերի վարձույթի կազմակերպման վրա, սակայն կոնկրետ «Batman» ֆիլմի հետ կապված իրավիճակային լուծում գտնվեց․  ««Batman» ֆիլմի հետ կապված խնդիր չունեցանք, այն մարտի 2-ից կինովարձույթում է, մինչդեռ Ռուսաստանում ֆիլմը չմտավ վարձույթ։  Մենք ուղղակի ունեինք նախնական պայմանավորվածություն, եւ շնորհիվ մեր թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի գործընկերների՝ բանակցությունների արդյունքում կարողացանք հասնել նրան, որ Հայաստանը բաց լինի այդ ֆիլմի ցուցադրության համար, բայց խոսքը բացառապես այդ ֆիլմին է վերաբերում, մեր գործընկերները մինչեւ մարտի 9-ը ապահովեցին ֆիլմի ցուցադրությունը»։ Թե ինչ է սպասվում մարտի 9-ին հաջորդող ֆիլմերի, այդ թվում՝ նույն «Batman»-ի ցուցադրություններին, առայժմ պարզ չէ․ Խաչատրյանի խոսքով՝ բանակցությունների արդյունքը դա ցույց կտա։

Վարձույթի կազմակերպման գործընթացում, ըստ Անահիտ Խաչատրյանի,  «Մոսկվա» կինոթատրոնը համագործակցություններ ունի ոչ միայն ռուսական եւ ուկրաինական, այլեւ եվրոպական շատ երկրներում գտնվող կազմակերպությունների հետ, բայց վարձույթի մեծամասնությունը ապահովում է հենց ռուսական դիստրիբյուտորական ընկերությունների տրամադրած կոնտենտը․  «Հետեւաբար, եթե ամենավատ սցենարի դեպքում մենք էլ զրկվենք այդ հնարավորությունից, իսկապես, կարելի է ասել, որ էկրանային ժամի մեծամասնությունը կկրճատվի»։ Այդ պարագայում կինոթատրոնի ֆիլմացանկը կներառի տեղական արտադրության, ինչպես նաեւ եվրոպական ֆիլմերի ցուցադրությունը․ «Օրինակ՝ գերմանական, իտալական, ֆրանսիական ֆիլմեր մենք մշտապես ցուցադրում ենք, մարտին մեզ մոտ Ֆրանկոֆոնյան է լինելու, եւ երկու ֆրանսիական ֆիլմի իրավունքների ձեռքբերման պրոցեսում արդեն ներգրավված ենք, այսինքն՝ գործընթացը կա, բայց բարդություններ էլ կան, եվրոպական ֆիլմերը հաճախ չեն ունենում որեւէ այլ լեզվով հնչյունավորում, առավելագույնը՝ ունենում են ենթագրեր, մենք ՀՀ-ում ցուցադրում ենք կամ ռուսերեն հնչյունավորմամբ, կամ օրիգինալ լեզվով, բայց ռուսերեն ենագրերով, այդ հարցն էլ Հայաստանում բավականին շոշափվել է վերջին տարիներին, կրկօրինակումը բարդ ու ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող գործընթաց է, այսինքն՝ բավականին լուրջ հարցի առաջ են կանգնած կինոթատրոնները, եւ այս պահին միակ բանը, որ կարող ենք անել, սպասելն է»,- նշեց Խաչատրյանը։

Ի պատասխան հարցին՝ ամենավատ սցենարի դեպքում Հայաստանի համար իրատեսակա՞ն է լինելու նոր գործընկերներ գտնելը, Խաչատրյանը նշեց, որ դիստրիբյուտորական այլ կազմակերպությունների, ֆիլմերի հեղինակային իրավունքի կամ ցուցադրության իրավունք ունեցող կազմակերպությունների հետ հիմա էլ աշխատում են, բայց ռեյտինգային ֆիլմերը միշտ ստացել են ռուս եւ ուկրաինացի գործընկերներից․ «Իսկ ուղիղ համագործակցությունը անմիջապես Հոլիվուդի հետ շատ ֆուտուրիստական գաղափար է այս պահին, նախ, քանի որ դա մեկ օրում կամ մեկ ամսում կարգավորվող գործընթաց չէ, եւ երկրորդ, մենք հույս ունենք, որ մեր գործընկեր դիստրիբյուտորները ֆորսմաժորային այս իրավիճակում որեւէ տարբերակ կառաջարկեն այլ երկրներում գտնվող բոլոր այն կինոթատրոններին, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում են։ Հույս ունենք նաեւ, որ խնդիրը գոնե թե մեր երկրի վրա առաջիկա ամիսներին չի ազդի, թեեւ մեր օրերում ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Անահիտ Խաչատրյանը։

«Երեւան մոլ» առեւտրազվարճանքի համալիրի մարկետինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը մեր զրույցում նշեց, որ «Կինոպարկ» կինոթատրոնում այս պահի դրությամբ որեւէ կասեցում չունեն, բոլոր ֆիլմերը, որ հրապարակված են մարտ ամսվա ֆիլմացանկում, ցուցադրվելու են։ 

Բացի հայկական արտադրության ֆիլմերից, որոնք ստացվում են ուղիղ կինոարտադրողից, «Կինոպարկ»-ի մնացած բոլոր ֆիլմերը հիմնականում ձեռք են բերվում ռուսական վարձույթից, ուստի կինոթատրոնը մշտական կապի մեջ է իր գործընկերների հետ, որպեսզի հասկանա՝ ինչ է սպասվում առաջիկայում․ «Հետագա խնդիրների մասին ծանուցումներ ստացել ենք, զգուշացվել ենք, որ կարող են որոշակի խնդիրներ լինել, բայց թե որ ֆիլմերի հետ կապված, դեռ հստակ չգիտենք»,- նշեց Ավագիմյանը՝ հավելելով, որ հնարավոր սահմանափակումները, ամեն դեպքում, նախկինում գնված ֆիլմերի վրա որեւէ ազդեցություն չեն ունենալու։

Մարտի 2-ին «Կինոպարկ»-ում «Batman» ֆիլմի պրեմիերան կայացվել է, Ավագիմյանի խոսքով՝ դրա հետ կապված կասեցում չկա, քանի որ դրա պայմանագիրը, ֆիլմի փոխանցումը մինչ այս իրադարձություններն են եղել։ Ինչ վերաբերում է «Turning Red» ֆիլմին, այն, 90 տոկոս հավանականությամբ, հետաձգվելու է, իսկ «Morbius» ֆիլմի հետ կապված որեւէ բան դեռ հայտնի չէ։ Հարցին՝ կասեցումների դեպքում մատակարար գործընկերները այլընտրանք առաջարկո՞ւմ են, Ավագիմյանը բացասական պատասխան տվեց․ «Իրենք էլ բարդ իրավիճակում են իրենց երկրի սանկցիաների հետ կապված, բայց քանի որ սանկցիաները ՀՀ-ին չեն վերաբերում, պետք է փորձել բանակցել, ամեն դեպքում, շատ դժվար է հիմա ասել՝ կլինի թե չէ»։

Չստացվելու պարագայում կինոթատրոնն իրենից կախված ամեն ինչ անելու է այլընտրանքներ գտնելու համար․ «Հիմա որոշակի պլանավորման փուլում ենք, որը սաղմնային վիճակում է, այսպես ասած, պլան Բ, որ եթե Ռուսաստանը չկարողանա մատակարարել, եւ մենք պաշտոնապես հաղորդագրություն ունենանք, որ բոլոր ֆիլմերը կասեցվում են, այլընտրանքային սցենարներ փորձենք մշակել, բայց բիզնես ռիսկեր, բնականաբար, լինելու են, շահույթը կրճատվելու է ե՛ւ այդ ամենի արդյունքում, ե՛ւ այն ժամանակի, երբ մենք բանակցելու ենք այլ գործընկերների հետ»,- նշեց Շուշան Ավագիմյանը։

«Սինեմա Սթար» կինոթատրոնի մարկետինգի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանն էլ  մեր զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ իրենք եւս որեւէ կասեցում չունեն․ «Batman» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցել է, մարտ ամսվա ֆիլմացանկը հաստատված է, մարտի կեսերին կամ վերջերին պարզ կդառնա, թե ապրիլ ամսին ինչ է ցուցադրվելու։

Արտասահմանյան ֆիլմերը «Սինեմա Սթար»-ը ստանում է բացառապես Ռուսաստանից՝ կինոթատրոնի ռուսաստանյան գլխամասից։ Վերջինս այժմ սահմանափակումներով է աշխատում, որոշ ֆիլմեր չի ցուցադրում, բայց դա Հայաստանին դեռ չի վերաբերում․ «Մեզ առայժմ ոչինչ չեն ասել, քանի որ սանկցիաները ՌԴ-ին են վերաբերւմ, իսկ մենք Հայաստանում ենք գտնվում, եւ Հայաստանի կամ տարածաշրջանի վրա չեն ազդում»,- նշեց Նալբանդյանը։

Նրա խոսքով՝ «Morbius» ֆիլմի ցուցադրությունը դեռեւս հարցականի տակ է, իսկ «Turning Red» ֆիլմի ցուցադրությունը, որ նախատեսված էր սկսել մարտի 10-ից, հետաձգվել է, բայց այլ պատճառներով. «Այս պահի դրությամբ դա հետաձգվել է, բայց ոչ կապված այս իրադարձությունների հետ, այդպես լինում է, որ հետաձգվում է, սպասում ենք նորությունների»,- նշեց Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում ոչինչ տեղի չի ունենա, եւ մեզ վերաբերելի սահմանափակումներ չեն լինի։

 

Միլենա Խաչիկյան






Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել