Եվրահանձնաժողովը ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու պլան կքննարկի
15:31 - 08 մարտի, 2022

Եվրահանձնաժողովը ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու պլան կքննարկի

Եվրամիությունը մինչև այս տավա վերջ կարող է զգալիորեն կրճատել ռուսական գազից իր կախվածությունը, եթե միության երկրներն արտակարգ միջոցներ ձեռնարկեն, որոնք Եվրահանձնաժողովին կներկայացվեն այսօր, գրում է Politico պարբերականը։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2021 թ-ին ԵՄ սպառած գազի 40%-ը բաժին է ընկել Ռուսաստանից ստացվող գազին։ Այս ցուցանիշի արագ կրճատումը նշանակում է, որ ԵՄ-ն «պաշտպանում է իր կենսական կարևորության շահերն», ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը։

Եվրախորհրդարանում երկուշաբթի երեկոյան իր ելույթի ընթացքում նա հայտարարել է, որ այս պլանը, որը մեծապես և արագորեն վերանայվել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, կարող է Եվրամիությունն ավելի անկախ դարձնել «մի քանի տարվա ընթացքում»։

«Դա հեշտ չէ, սակայն հնարավոր է», - հավելել է նա։

Պլանը ներկայացնելուց առաջ լրագրողների հետ հանդիպմանը Թիմերմանսը հաստատել է, որ ձեռնարկվելիք միջոցների փաթեթով նախատեսվում է արագացնել վերականգնվող էներգիայի, կենսաբանական վառելիքի աղբյուրների ներդրումը։

«Հաշվի առնելով, որ էներգետիկ շուկաները մոտ ապագայում լարված են լինելու՝ սեփական էներգետիկ ռեսուրսների ստեղծումը ռազմավարական նշանակություն ունեցող ամենախելամիտ և անհետաձգելի ընտրությունն է», - ասել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ էներգիայի սպառման տնտեսման կարելի է հասնել՝ կրճատելով դրա օգտագործումը, գազային պահեստներն այս տարի լցնելով և գազի նոր աղբյուրներ որոնելով։ Այս նպատակով Եվրամիությունը բանակցում է Եգիպտոսի, Կատարի, «Միջերկրական ծովի հյուսիսային ափի երկրների», Ավստրալիայի և ԱՄՆ հետ՝ կարճ ժամկետներում մատակարարումների ավելացման համար։

«Մինչև այս տարվա վերջ կարող ենք երկու երրորդով ավելի քիչ ռուսական գազ ներկրել, եթե բոլորս միասին ընդունենք այս միջոցները», - ասել է Թիմերմանսը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել