ՀՀ ԱԻ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանն առնչվող հարցեր
11:40 - 16 մարտի, 2022

ՀՀ ԱԻ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը երեկ ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով պատասխանատու Անդրանիկ Իսրայելյանը: Նախարար Փիլոյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանը:

Բարձր գնահատելով հանատեղ իրականացված ուսումնական ծրագրերը՝ Ա. Փիլոյանը մասնավորապես նշել է Բրիտանական խորհրդի հետ համատեղ 2014 թ. մինչ օրս ՀՀ ԱԻՆ INSARAG չափանիշներին համապատասխան հիմնական և պահեստային թիմերի և ԱԻՆ աշխատակիցների համար իրականացվող անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների արդյունավետությունը:

Հաջողված փորձից ելնելով նախարարն առաջարկել է ընդլայնել անգլերենի ուսուցման ծրագրի շրջանակը: 2020-2022 թթ. Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտային կայունության և անվտանգության հիմնադրամ»ի (UK CSSF) ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (Յունիսեֆ), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և Արտակարգ իրավիժակների նախարարության հետ համատեղ, «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագրի շրջանակներում 55 հանրակրթական դպրոցների համար մշակվել են աղետների ռիսկի կառավարման պլաններ։

55 հանրակրթական դպրոցներից 29-ում անցկացվել են աղետների ռիսկի կառավարման տարաբնույթ թեմաներով դասընթացներ:

Նախարարի խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է վերոնշյալ դպրոցներում անցկացնել ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։

Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է դիտարկել նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և Բրիտանական երկրաբանական ծառայության միջև համագործակցության ծավալման և համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը:

Դեսպան Ջոն Գալագերին իր հերթին երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ քննարկման դնել ոչ միայն գործող ծրագրերի շարունակականության, այլև համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել