Կյանքը պատերազմից հետո`  ըստ մասնակիցների պատմությունների. Աղասի Թադևոսյան
22:25 - 19 մարտի, 2022

Կյանքը պատերազմից հետո` ըստ մասնակիցների պատմությունների. Աղասի Թադևոսյան

Լուսանկարը՝ panorama.am-ի

Պատերազմը հասարակությունը վերափոխելու հատկություն ունի։ Թե՛ հաղթանակի և թե՛ պարտության դեպքում այս խնդիրն առաջանում է։ Առաջին պատերազմը մեզանում նշանակալի և, ինչ-որ տեղ, ճակատագրական հետևանքներ ունեցավ վերնախավերի ռազմականացման, բանակի գեներալիտետի քաղաքականացման ու կոռումպացման առումով։ Այդ ամենը տարիներ շարունակ մատուցվում էր ռազմականացված վերնախավերի իրական շահերը քողարկող ազգայնական-հայրենասիրական դիսկուրսի միջոցով։ Այս դիսկուրսն այն աստիճան էր բարդութավորել հասարակության լայն զանգվածներին, որ պետական ինստիտուտների և նույնիսկ բանակի թալանը իրականացվում էր «ամեն ինչ արվում է հանուն Արցախի» լոզունգի ներքո։ Կարելի էր թալանել բանակն ու պետությունը, բայց չէր կարելի այդ թալանով զբաղված վերնախավերի դեմ բողոքել, քանի որ ըստ տիրապետող դիսկուրսի՝ դա կարող էր վտանգել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը։ Տարիներ շարունակ գեներացված այդ դիսկուրսի հետևանքում մենք ունեցանք թույլ ու հետամնաց բանակ և ջախջախիչ պարտություն։

Պարզվեց՝ հայրենասիրական պաթոսով հասարակությանը սնուցած վերնախավերն ու նրանց ձևավորած նախկին և գործող կառավարությունները չէին պատրաստվել պատերազմի։ Պարզվում է նաև, որ ողջ հասարակությունը՝ իր մտավոր վերնախավերով հանդերձ, հանդուրժել, իսկ շատերը նույնիսկ բազմատեսակ մտավորական միությունների, համալսարանական գիտխորհուրդների, հոգաբարձուների խորհուրդների, երիտասարդական կազմակերպությունների, ուսխորհուրդների, մշակութային միությունների, հեռուստաընկերությունների, թերթերի ու ամսագրերի, հայրենակցական միությունների և այլ տարատեսակ կառույցների միջոցով նորմալացրել էին այդ ամենը։ Սա աներևակայելի անպատասխանատվության փաստ է, որի հետևանքում պատերազմի ողջ ծանրությունը ընկավ 18-20 տարեկան երիտասարդ տղաների ուսերին։  

44-օրյա պատերազմը թե՛ արդյունքների և թե՛ հասարակության վրա ազդեցության տեսանկյունից խիստ տարբեր է առաջինից։ Պարտված պատերազմը հասարակությանը փոխում է այլ կերպ, քան հաղթանակածը։ Նախ, այս պատերազմից հետո ի հայտ չեկան տարատեսակ սպարապետներ ու գեներալներ, որոնց առջև պետք է ազգը խոնարհվի ու կուլ տա նրանց ցանկացած հակահասարական գործունեություն։

Երկրորդ, հասարակությունն ազատ է պատերազմում հաղթանակած զինվորականության առջև հավերժ երախտագիտության դիրք ընդունելու պարտավորությունից, ինչը, ինչպես ցույց տվեց առաջին պատերազմի փորձը, հանգեցնում է պետության գլխին կախված վտանգավոր մահակի ձևավորման։ Առաջին պատերազմից հետո նման մահակ դարձավ «Երկրապահ» կամավորականների միությունը (ԵԿՄ) Վազգեն Սարգսյանի ձեռքին, որը ազատորեն գործադրեց այն 1996 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելու, իսկ այնուհետև՝ իր իսկ կողմից իշխանության բերված Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ ընդհուպ պալատական հեղաշրջմամբ նրան և նրա քաղաքական թիմին իշխանությունից հեռացնելն ու ՀՀԿ-ին և Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելը։ Առաջին պատերազմում տարած հաղթանակը այնպես փոխեց մեր հասարակությունը, որ թաղեց երկիրը կոռուպցիայի ու ավտորիտարիզմի մեջ, ձևավորեց հայկական բանակի ամենազորության առասպելը։ Վերջին պատերազմը վերջնականապես ոչնչացրեց զինվորական մահակը քաղաքականության գլխին թափահարելու վտանգը։ Պատահական չէ, որ պատերազմից հետո գեներալների կողմից հեղաշրջում անելու փորձն անհաջողության մատնվեց, քանի որ պարտված գեներալների հետևից հասարակությունը պարզապես չի գնում։

Երրորդ, այս պատերազմը ոչ միայն քանդեց նախկին պատերազմից հետո ձևավորված առասպելները, այլ նաև քանդում է այդ առասպելների ծնունդը հանդիսացող նախկին համակարգի դիմադրության վերջին «հենակետերը»։ Պատահական չէ, որ նախկին համակարգի վերջին հենակետ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նախորդ պատերազմի  հետևանքում ձևավորված ռազմական վերնախավի վերջին մոհիկանններից է։

Չորրորդ, այս պատերազմը փոխեց նաև  հայրենիքի պաշտպանների ու հերոսների կերպարները։ Այսօրվա հերոս մարտիկի մարմնավորումն արդեն այլևս ֆիդայի կամավորականը չէ, այլ՝ 18-20 տարեկան զինվորը և նրանց հետ թիկունք թիկունքի կռված երիտասարդ տարիքի ցածր ու միջին սպայակազմը։

Հինգերորդ, այս պատերազմը փոխեց ոչ միայն հերոսներին, այլև՝ հայրենասիրության ընկալումներն ու մեկնաբանությունները։ Վերացական ու «կենացային» հայրենասիրությունը պատերազմում կռված երիտասարդ սերնդի համար այլևս ակտուալ չէ։ Պատերազմի փորձառությունն այն անցած երիտասարդության մեջ ձևավորել է մի համոզմունք, որ հայրենասիրությունը խոսք չէ, այլ՝ հայրենիքի կառուցմանն ու զարգացմանն ուղղված ամենօրյա գործողություն։ 

Պատերազմի ընթացքը չափազանց ծանր է եղել և, մասնակիցներից ոմանց բնութագրմամբ, «անմարդկային»։ Պատերազմն ինքնին անմարդկային բան է, քանի որ մի խմբի կողմից մեկ այլ խմբի հանդեպ իրականացվող կոլեկտիվ սպանությանն ուղղված գործողություն է։ Սակայն այս պատերազմի անմարդկայնությունը տեխնոլոգիական միջոցների կիրառման միջոցով ձևավորված այն անհամաչափությունն էր, որի մեջ հայտնվել էին հայ զինվորները։

Ամենուր հանդիպող մահերը՝ մի կողմից, մահվան հնարավորության մոտիկությունը՝ մյուս կողմից, ձևավորել էին մի իրավիճակ, երբ կյանքի ու մահվան սահմանը երիտասարդների համար չափից դուրս մոտեցել էր: Այս ապրումը զինվորներից շատերի մոտ առաջացրել է կյանքը սիրելու ու ապրելու մեծ ձգտում և ընդհանրապես, կյանքի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն։ Սա իր հերթին հանգեցրել է երկու այլ տիպի փոփոխության։ Նախ, նրանցից շատերն այլևս պատրաստ չեն երկրորդ անգամ ռիսկի ենթարկելու իրենց կյանքը։ Մարդու կյանքն ու այն երաշխավորող խաղաղությունը նրանց համար մեծ արժեք է դարձել։ Երկրորդ, նրանք սկսել են ավելի սիրել իրենց հայրենիքը։ Պատերազմի դաշտում կյանքը վտանգածներից շատերը, ովքեր ականատես են եղել իրենց հասակակիցների մահվան սարսափներին, պատրաստ չեն լքելու Հայաստանը։ Պատերազմը նրանց համար սահմանազատել է «խոսքով» հայրենասիրությունը կոնկրետ գործերով արտահայտվող «իրական» հայրենասիրությունից։ Նա, ով վտանգել է իր կյանքը, իրեն համարում է երկրի ապագայի հանդեպ պատասխանատվություն վերցնելու իրավունք ունեցողը։

Այսինքն, կարելի է ասել, որ պատերազմ անցած երիտասարդների զգալի մասի մոտ հայրենասիրությունը իրավունքի ու պատասխանատվության դաշտում վերաձևակերպելն ունի քաղաքացիական հայրենասիրության մոդելի ձևավորման և հայրենասիրության վերացական ու անիրատեսական դիսկուրսի փոփոխության միտում։    

Աղասի Թադևոսյան
մշակութային մարդաբան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել