ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է կատարում առողջապահության և պաշտպանության նախարարություններում
20:56 - 30 մարտի, 2022

ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է կատարում առողջապահության և պաշտպանության նախարարություններում

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։ Այս մասին հաղորդում է ՊՎԾ-ն:

Ըստ այդմ, 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 106 մշտադիտարկում, որից 81-ը ավարտված են, իսկ 25-ը գտնվում են ընթացքում: Մշտադիտարկումների իրականացումն այս պահին շարունակվում է Արտաքին գործերի, Պաշտպանության, Էկոնոմիկայի նախարարություններում, Պետական եկամուտների կոմիտեում և այլ մարմիններում:

2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 12 ուսումնասիրություն, որից 9-ը գտնվում են ընթացքում:

Տվյալ պահին իրականացվում են ուսումնասիրություններ Առողջապահության, Պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ:

Իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են հիմնականում հետևյալ խախտումները՝

- ՀՀ կառավարության որոշումների պահանջների չկատարում,

- պետական միջոցների անարդյունավետ կառավարում:

- գնման գործընթացի պլանավորման և իրականացման անհամապատասխանություն «Գնումների մասին» օրենքին և այդ գործընթացը կանոնակարգող իրավական ակտերին,

- ձեռքբերված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության քանակական անհամապատասխանությունը կնքված պայմանագրերին,

Արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ պետական մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ 8 դեպքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ամենօրյա մշտադիտարկման ներքո են Կառավարության որոշումների, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձանարարականների կատարումը։

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողական գործառույթների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել