Մակրոնին դժվար պայքար է սպասվում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում․ Reuters
17:05 - 10 ապրիլի, 2022

Մակրոնին դժվար պայքար է սպասվում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում․ Reuters

Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունն է ընթանում։ Reuters-ն անդրադարձել է երկու ամենաուժեղ մասնակիցների՝ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի միջև ծավալվող պայքարին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Ֆրանսիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը, ուլտրաաջ թեկնածու Մարին Լը Պենն անսպասելիորեն սկսել է սպառնալ ի չիք դարձնել նախագահ Էմանուել Մակրոնի՝ վերընտրվելու հույսերը։

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:00-ին (0600 GMT) և փակվելու են [20:00-ին] (1800 GMT)՝ առաջին էքզիթ-փոլերի հրապարակումից առաջ։ Այդ հարցումները սովորաբար շատ վստահելի են Ֆրանսիայում։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ հարցումները ցույց են տվել, որ Եվրոպական Միության ջատագով, ցենտրիստ Մակրոնը հեշտությամբ հաղթելու է ընտրություններում․ նրա օգտին էր աշխատել Ուկրաինայի հարցում նրա ակտիվ դիվանագիտական ջանքերը, տնտեսության զգալի վերականգնումն ու մասնատված ընդդիմության թուլությունը։

Սակայն նրա նախընտրական քարոզարշավի ուշ մեկնարկը, դրա ընթացքում անցկացված ընդամենը մեկ խոշոր հանրահավաքը, որը չի տպավորել անգամ նրա համակիրներին, ուշադրության սևեռումը կենսաթոշակային տարիքը բարձրացնելու ոչ պոպուլյար պլանին, արժեզրկման կտրուկ աճը խաթարել են նախագահի վարկանիշը։

Եվ ընդհակառակը, հակամիգրացիոն, Եվրամիության նկատմամբ թերահավատ մոտեցում ունեցող ուլտրաաջ Լը Պենի օգտին է աշխատել այն, որ նա ամիսներով իր ուշադրության կենտրոնում է պահել կենսաապահովման ծախսերի հարցն, և որ նրա ուլտրաաջ մրցակից Էրիկ Զեմուրի վարկանիշը զգալի անկում է ապրել։

Հանրության շրջանում անցկացված հարցումները, որոնք հրապարակվել են նախքան այս ուրբաթ կեսգիշերին նախընտրական արշավի ավարտը, ցույց են տվել, որ Մակրոնն առաջին փուլի առաջատարն է լինելու և Լը Պենին հաղթելու է ապրիլի 24-ին կայանալիք երկրորդ փուլում։ Սակայն այդ նույն հարցումներն ասում են, որ դա բարդ է լինելու, քանի որ Լը Պենի վարկանիշն աճել է՝ կրտճատելով Մակրոնի վարկանիշի հետ տարբերությունը։

 

Երկրորդ փուլի ռիսկերը Մակրոնի համար

44-ամյա Մակրոնը, որը պաշտոնավարում է 2017 թ-ից, իր քարոզարշավի վերջին օրերը ծախսել է ապացուցելու վրա, որ Լը Պենի ծրագիրը չի փոխվել՝ չնայած նրա և նրա «Ազգային ճակատ» կուսակցության կերպարը մեղմելու ջանքերին։

Փարիզից ոչ հեռու գտնվող Սևրի 58-ամյա ավիացիոն ինժեներ Ժակ Պոջիոն ասում է, որ, թեև հինգ տարի առաջ սատարել է Մակրոնին, այժմ քվեարկել է ուլտրաձախ Ժան Լյուկ Մելանշոնի օգտին, որովհետև հիասթափված է Մակրոնի «ծայրահեղ աջ ազդակներից», որոնք հակասում են նրան իշխանության են բերած մոտեցումներին։

Մելանշոնը հարցումներում երրորդ տեղն է զբաղեցնում, իսկ նրա նախընտրական արշավի ընթացքում կոչ է հնչել բոլոր տիպի ձախականներին՝ քվեարկել Մելանշոնի օգտին և նրան երկրորդ փուլ դուրս բերել։

Եթե ընդունենք, որ Մակրոնն ու Լը Պենն անցնելու են երկրորդ փուլ, ապա գործող նախագահը խնդրի առջև է կանգնելու․ ձախ ուղղվածության քվեարկողներից շատերը հարցման ընթացքում ասել են, որ, ի տարբերություն 2017 թ-ի, երկրորդ փուլում չեն քվեարկելու Մակրոնի օգտին միայն նրան համար, որ լը Պենն իշխանության չգա։

Մակրոնը պետք է կարողանա փոխել նրանց կարծիքն ու այնպես անի, որ իր օգտին քվերակեն երկրորդ փուլում։

Այսօրվա քվեարկությունը ցույց կտա, թե ում են ընտրել իրենց ընտրության մեջ չկողմնորոշված անսովոր մեծ թվով քաղաքացիները, և արդյոք 53-ամյա Լը Պենը կարող է փոխել հարցումների կանխատեսումները և առաջատարը լինել առաջին փուլում։

Մակրոնն ու Լը Պենը համակարծիք են, որ ընտրությունների ելքը կանխորոշված չէ։

«Ամեն ինչ հնարավոր է», - իր համախոհներին ասել է լը Պենն ապրիլի 7-ին, իսկ Մակրոնն աս շաբաթ ավելի վաղ իր համամկիրներին զգուշացրել է, որ Լը Պենի հաղթանակի հավանականությունը պետք չէ թերագնահատել։

«Տեսեք, թե ինչ եղավ բրեքսիթի և շատ այլ քվեարկությունների ժամանակ․ եղավ այն, ինչ անհավանական էր թվում», - ասել է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել