Հարավային Կորեայի իշխանությունները ՆԱՏՕ-ին վստահեցրել են, որ մահաբեր զենք չեն ուղարկելու Ուկրաինա




 |armenpress.am|
21:22 - 12 ապրիլի, 2022

Հարավային Կորեայի իշխանությունները ՆԱՏՕ-ին վստահեցրել են, որ մահաբեր զենք չեն ուղարկելու Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետության իշխանությունները ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերի հետ հանդիպումների ընթացքում վերահաստատել են պաշտոնական դիրքորոշումը, որ Սեուլը մահաբեր սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Yonhap գործակալությունը, որը վկայակոչել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին։

Ապրիլի 11-ին Սեուլում Բաուերը հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկի և շտաբի պետերի կոմիտեի նախագահ Վոն Ին Չոլի հետ:

«Պաշտոնական դիրքորոշում է արտահայտվել, որ կմատակարարվեն միայն ոչ մահաբեր առարկաներ»,- մեկնաբանել է Բաուերը հարավկորեացի զինվորականների հետ հանդիպումը:

Հանդիպումներից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ ռազմական օգնության խնդրանքով։

Ծովակալը հավելել է, որ երկրներն ազատ են ընտրելու, թե ինչպիսի օգնություն տրամադրել՝ մարդասիրական, մահաբեր զենք, թե ոչ մահաբեր ռազմական իրեր։ Միաժամանակ նա նշել է, որ ուկրաինական իրադարձությունները ՆԱՏՕ-ի ամբողջ օրակարգը չեն։

«Մենք կենտրոնացած չենք միայն Ուկրաինայի վրա, աշխարհն ավելի մեծ է, քան Ուկրաինան: Այո, սարսափելի բան է տեղի ունենում, մենք կշարունակենք ջանքեր գործադրել և օգնություն ցուցաբերել Ուկրաինային, բայց մենք այլ անելիքներ ունենք», - եզրափակել է Բաուերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել