Իլհամ Ալիևը՝ Մինսկի խմբի, Փառուխի դեպքերի, Հայաստանին զենքի մատակարարման և 3+3 ձևաչափի մասին |hetq.am|
13:31 - 13 ապրիլի, 2022

Իլհամ Ալիևը՝ Մինսկի խմբի, Փառուխի դեպքերի, Հայաստանին զենքի մատակարարման և 3+3 ձևաչափի մասին |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին այս տարվա առաջին եռամսյակին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որտեղ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը փաստացի կարելի է անվավեր համարել։ 

«Մինսկի խումբը գործել է 28 տարի, մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Համանախագահ երկրները այս տարիների ընթացքում իրականացրել են, հնարավոր է, հարյուրավոր այցեր դեպի Ադրբեջան և Հայաստան։ Արդյունքն ակնհայտ է՝ զրոյական»,- ասել է Ալիևը։  

Նա ասել է, որ Ադրբեջանն ինքնուրույն ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։ «Ադրբեջանն ինքը կարգավորեց այդ հակամարտությունը։ Կարգավորել է ռազմաքաղաքական ճանապարհով։ Փաստացի մանդատը, որը Մինսկի խմբին տրվել էր հակամարտության կարգավորման համար, կարող է և դե յուրե գործում է, բայց դե ֆակտո կարելի է անվավեր համարել»,- հավելել է նա։

Խոսելով Փառուխ գյուղում վերջին շրջանում առկա լարվածության և ադրբեջանական զինուժի կողմից Քարագլխի մի հատվածի զբաղեցման մասին՝ Ալիևը նշել է, որ այդ քայլին գնալն անհրաժեշտություն էր։ «Խաչինչայի ջրամբարը (խմբ.՝ Խաչենի ջրամբար) գտնվում է հենց Ֆարուխ (խմբ. Փառուխ) լեռան տակ, հենց Ֆարուխ (խմբ. Փառուխ) գյուղի տակ և հայերի զինվորական դիրքերը սպառնալիքի տակ էին դնում այդ ջրամբարի շահագործումը<...>։ Խոսքը մեծ վտանգի աղբյուրի մասին է: Բազմիցս այդտեղից և մյուս գյուղերից կրակ էր արձակվում Աղդամի ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Խոսելով Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափի մասին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)՝ Ալիևը նշել է, որ անհրաժեշտ է կազմակերպել այդ ձևաչափով նոր հանդիպում: «Ուրախացնում է «3+3» ձևաչափով համագործակցության նոր ձևաչափի գործարկումը։ Առաջին նման հանդիպումն արդեն կայացել է։ Առաջին հանդիպման ժամանակ օրակարգ չի եղել։ Դա ուղղակի հանդիպում էր այդ ձևաչափի ստեղծման նպատակով։ Մենք պլաններ ունենք երկրորդ հանդիպման օրակարգի հետ կապված, թե ինչ հարցեր պետք է այնտեղ կքննարկվեն։ Կարծում եմ, որ առաջիկայում պետք է կայանա և երկրորդ հանդիպումը։ Այսինքն չպետք է ժամանակ կորցնել»,- ասել է Ալիևը։ 

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցին, Ալիևը նշել է, որ իրենք մեծ հույսեր ունեն Բրյուսելում ապրիլի 6-ին կայացած հանդիպման արդյունքներից։ «Կարծում եմ, որ սահմանների սահմանազատման աշխատանքային խմբերը, որոնք պետք է ձևավորվեն մինչև ապրիլի վերջ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքային խմբերը, պետք է իրենց աշխատանքն սկսեն առաջիկայում։ Այդ գործընթացին մենք նայում ենք մեծ հույսերով և պետք չէ ժամանակ ծախսել։ Համենայն դեպս, մենք կողմն ենք, որ, ժամանակ չկորցնելով, անցնենք հարցի լուծմանը»,- նշել է Ալիևը։

Խոսելով Հայաստանին զինելու և սպառազինության ձեռքբերման համար միջոցներ հատկացնելու մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ նման ցանկացած փորձ իրենց կողմից կդիտարկվի որպես «ոչ բարեկամական քայլ»։

«Համարում եմ, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը։ Հենց Հայաստանը փող չունի զենքի ձեռքբերման համար և երբեք չի ունեցել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել են Հայաստանի ռազմական տեխնիկան՝ ընդհանուր 4-5 միլիարդ դոլար ծավալով։ Հարց է առաջանում. որտեղի՞ց այդ աղքատ երկրին այդքան փող<...> Եթե նորից Հայաստանի զինման համար գումարներ հատկացվեն, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ և կգործենք համապատասխան կարգով»,- ասել է այդ երկրի ղեկավարը։ Ընդ որում, ըստ Ալիևի, եթե Երևանին զենքի ձեռքբերման համար վարկեր չտրամադրվեին, ապա գործը պատերազմի չէր հասնի։ Զուգահեռաբար, Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը իր բանակի կառուցման համար կհատկացնի այնքան գումար, «որքան անհրաժեշտ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել