ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում տեղ գտած տեսչական մարմնին վերաբերող միջոցառումները։
Ոլորտի պատասխանատուները ներկայացնելով շինարարական հրապարակներում իրականացված ստուգումների արդյունքները՝ զեկուցել են, որ Երևան քաղաքի 88 հասցեներում գտնվող բարձր ռիսկային շինարարական հրապարակներում իրականացված վերահսկողության արդյունքում հարուցվել է 46 վարչական վարույթ։ Խախտում կատարած գործատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր: Որոշվել է շարունակել այս ուղղությամբ խստացված վերահսկողությունը՝ արձանագրված դրական դինամիկան պահպանելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների կազմակերպումը և անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։ Արձանագրվել է, որ էապես ավելացել է քաղաքացների իրազեկվածությունը, իսկ տնտեսավարողները սկսել են առավել մեծ ուշադրություն դարձնել աշխատողների իրավունքների պահպանման հարցերին։
Անդրադարձ է կատարվել նաև բժշկական օգնության և սպասարկման, սանիտարահամաճարակային և դեղերի շրջանառության վերահսկողության բնագավառի հարցերին: Որոշում է կայացվել նախաձեռնել դեղերի վերահսկողության ոլորտի օրենսդրական փոփոխություններ։
Քննարկվել են նաև գործակարգավարական և կազմակերպչական մի շարք այլ հարցեր։
comment.count (0)