Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին․ Լենա Նազարյան
06:05 - 20 մայիսի, 2019

Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատական համակարգին և դատարանների մուտքերը փակելու ակցիային։ 

«Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության և ազդեցության է գործել։ Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին։

Պետք է ինքնամաքրվեին, սեփական համակարգի արատները վեր հանեին, հրաժարվեին հին սովորություններից ու պրակտիկաներից։ Պետք է ազատվեին կոռումպացված և հին համակարգի հետ մասնավոր շահերով կապված դատավորներից։ Եվ պետք է գնային ՀՀ-ում իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելուն։ Սակայն դա տեղի չունեցավ։

Դատական համակարգը մնաց անհաղորդ ժողովրդի պահանջներին և հեղափոխության բերած ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին։ Դատարանները մնում են անվստահելի առանց բացառության ԲՈԼՈՐ կողմերի համար, այդ անվստահությունը ճգնաժամեր է առաջացնում։

Այսօրվա ժողովրդական ակցիայով մենք ցանկանում ենք, որ դատարանները և դատական ողջ համակարգը առերեսվի Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության փաստին, պարտավորված զգա իրական և խորքային ռեֆորմներով արձագանքել մեր երկրի փոփոխություններին։ Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին և դատական համակարգին կպարտադրի լուրջ ռեֆորմների գնալ։

Կոչ եմ անում նաև ակցիայի մասնակից համաքաղաքացիներին դատավորների և դատարանների աշխատակիցների նկատմամբ հարգալից լինել, որևէ անկարգության կամ սադրանքի չտրվել։

Մենք ձևավորում ենք Հայաստան, որտեղ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները գերակա են, որտեղ բռնությունները, կոռուպցիան և անարդարությունը տեղ չունեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել