Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի. Դավիթ Տոնոյան |168.am|
14:05 - 25 ապրիլի, 2022

Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի. Դավիթ Տոնոյան |168.am|

168.am: Հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանի միջոցով պատասխանել է մի քանի հարցերի:

– Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատերազմի ժամանակ եղած բացթողումներին, նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չեն նշանակել, և շեշտել է, որ Դուք եղել եք նախկին կառավարության անդամ: Նման միտք Նիկոլ Փաշինյանն արտահայտել էր նաև 2021-ի փետրվարին` Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում: Ի դեպ, երբ Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակեցին, Նիկոլ Փաշինյանն այն հիմնավորեց, որ պաշտպանական և արտաքին քաղաքական պաշտոնները պետք է սեփական քաղաքական թիմի անդամներին վստահել: Ի՞նչ է սա նշանակում`ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հասկացել է, որ սխալվե՞լ է Ձեր հարցում, թե՞ բավարար չափով չի էլ վստահել երբեք:

– Եթե ՀՀ վարչապետը «դիլեմայի» առջև է կանգնած, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու նրա առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը:

– Շարունակելով հարցը` գուցե անցումային նախարա՞ր էր պետք Նիկոլ Փաշինյանին:

– Այո, վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրան և իր քաղաքական թիմին անհրաժեշտ էր «անցումային» պաշտպանության նախարար: Բայց չնայած այդ թիմի առանձին անդամների անդադար ջանքերին, նա ինձ պաշտոնից չհեռացրեց անգամ պատերազմի ընթացքում: Պաշտոնավարել եմ 2.5 տարի, իմ պաշտոնանկությունից հետո անցել է 1.5 տարի, որոնց ընթացքում նշանակվել է պաշտպանության 3 նախարար, ինչը կադրային քաղաքականության որակի խոսուն ցուցիչ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել