Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում

 |armenpress.am|
16:03 - 26 ապրիլի, 2022

Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անասնաբուժության ոլորտում զգալի բարեփոխումներ են սպասվում: Ոլորտի պատասխանատուները նշում են, որ խնդիրները շատ են՝ կապված մասնագետների պակասի, պատշաճ վերահսկողության և այլ հարցերի հետ:  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ մասնագետների պակաս կա բոլոր օղակներում՝ սպանդանոցներ, լաբորատորիաներ, տեսչական ոլորտ:

«Բոլոր ուղղություններով էլ անելիք ունենք, կարևորվում են կրթական ծրագրերը, վերապատրաստումները: Քայլ առ քայլ պետք է կարողանանք բարելավել իրավիճակը, սակայն անասնաբույժները նաև պետք է արժանապատիվ վարձատրվեն, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան հասարակության, պետական մարմինների կողմից»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ ոլորտում նախատեսում են մի շարք բարեփոխումներ իրականացնել: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է անասնաբույժների լիցենզավորման գործընթաց: Անասնաբուժության մասին օրենքում նախաձեռնել է փոփոխություն, որով կարգավորվելու է անասնաբույժների աշխատանքը: Այսօր յուրաքանչյուր կենդանի պահող կարող է օգտվել անասնաբուժական դեղատնից, վերցնել հակաբիոտիկներ և ներարկել կենդանուն՝ անկախ նրանից ճիշտ բուժում է արվում, թե ոչ: Դա մի կողմից մարդկային առողջության հետ կապված ռիսկեր է պարունակում. հակաբիոտիկներով հարուստ միսը հայտնվում է մեր սեղաններին: Մյուս կողմից էլ անասնաբույժի աշխատանքն արդեն պահանջված չի լինում:

«Լիցենզավորման մոտեցումը կյանքի կոչելով՝ կարգավորում ենք մի քանի հարց: Նախ միայն լիցենզավորված անասնաբույժները իրավունք կունենան անասնաբուժության դեղատնից դեղեր ձեռք բերել: Այսինքն՝ արդեն անասուններ պահողները ոչ թե ինքնագործունեությամբ կզբաղվեն, այլ ստիպված կլինեն աշխատել, համագործակցել անասնաբույժների հետ: Մյուս կողմից էլ արդեն անասնաբույժների մասնագիտությունը պահանջված կլինի»,-ասաց Տիգրան Գաբրիելյանը:    

Դրանից բացի, լիցենզավորման գործընթացը ենթադրելու է չափորոշիչներ, պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն անասնաբույժները: Վերջիններս պետք է պարբերաբար դասընթացների, վերապատրաստումների մասնակցեն, որպեսզի կարողանան պահել ունեցած լիցենզավորումը: 

Լիցենցավորումից զատ, նախատեսվում է մեկ բարեփոխում ևս: Մասնավորապես, ընթացիկ տարվա աշնանը կսկսվի կենդանիների համարակալում ու հաշվառում: Կարևորելով այս գործիքակազմը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ սա լուրջ միջոց կլինի վերահսկողության համար:  Վերահսկողության բարձր մակարդակը կարևոր է նաև արտահանման գործընթացի համար:

«Ամբողջ աշխարհում կենդանական ծագման մթերքը համարվում է բարձր ռիսկային: Երբ ԵՄ իմ կոլեգաների հետ խոսում էի՝ ասելով, որ ցանկանում ենք միս, մսամթերք արտահանել եվրոպական շուկա, ինձ հետևյալ հարցն էին տալիս՝ արդյոք ունեք կենդանիների համարակալում և հաշվառում: Քանի դեռ դա չունեք, ԵՄ շուկա մտնելու մասին մոռանում եք»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Մասնագետները վստահեցնում են, որ անասնաբուժության ոլորտում իրականացվող բարեփոխումներն իրենց ազդեցությունն են թողնելու նաև արտահանման գործընթացի վրա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել