ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երեկ հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ դարձյալ մանիպուլյատիվ պնդում է արել։ Նա, մասնավորապես, տեղադրելով խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի լուսանկարը զոհված զինծառայողների ծնողների՝ երեկ կազմակերպած ակցիայից, ի թիվս այլնի՝ գրել է, որ «Իջևանից երեկ (երկուշաբթի,- հեղ․) քայլերթ սկսած պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր հրաշքով հայտնվել է Երևանի կենտրոնում, մասնակցում է բողոքի ակցիաներին»։ Չախոյանը մեկնաբանել է, թե «ընդդիմադիրներն անգամ պատասխանատվություն չունեն իրենց իսկ հայտարարությունների հանդեպ, էլ ուր մնաց մնացածի»։
Թե ինչու է Գեղամ Նազարյանը երեկ Երեւանում եղել, դրա մեկնաբանությունն անձամբ պատգամավորը հնչեցրել է ֆեյսբուքյան իր կարճատեւ ուղիղ եթերի ժամանակ։ Բանն այն է, որ երեկ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության մոտ, ապա հավաք՝ Շարլ Ազնավուրի հրապարակում։ Նազարյանը հենց այդ առիթով էր ժամանել Երեւան՝ ծնողների հետ մասնակցելու այդ ակցիային․ Գեղամ Նազարյանի որդին եւս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ․
«Ես գիշերը վերադարձել եմ Երեւան, որ այսօր ժամը 14-ին մասնակցեմ մեր հերոս նահատակ տղերքի ծնողների հետ միասին մեր հանրահավաքին, հիմա շարժվում եմ դեպի Ազնավուրի հրապարակ, որտեղ հավաք-հանրահավաք կունենանք եւ կներկայացնենք մեր վճռական պահանջը»,- ասել էր Նազարյանը՝ շեշտելով, որ այդ հավաքն իր համար շատ կարեւոր էր։
Բացի դրանից՝ ուղիղ եթերում, որտեղ նա ասում էր Երեւան գալու նպատակը եւ քաղաքացիներին կոչ անում միանալ ակցիային, Նազարյանը շեշտել է նաեւ, որ քայլերթի մասնակից իր ընկերները շարունակում են քայլել Տավուշից դեպի Երեւան։
Ի հավելումն՝ հիշեցնենք, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, երբ «Իմ քայլը» շարժման մասնակիցները ոտքով Երեւան էին գալիս, ապրիլի 10-ին շարժման մասնակիցներից Արայիկ Հարությունյանը, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, Երեւան էր եկել՝ ուսանողների հետ հանդիպում-քննարկման։ Այդ հանդիպումը լուսաբանված չէ, ուստի հղում ներկայացնել չենք կարող։
Այսպիսով, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի բնորոշումը, թե Գեղամ Նազարյանը «հրաշքով հայտնվել է Երեւանում», մանիպուլյատիվ է, քանի որ Գեղամ Նազարյանը ինքն էլ հայտնել է Երեւան գալու եւ դրա պատճառի մասին, իսկ Իջեւանից մեկնարկած քայլերթը շարունակվում է։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)