«Պատերազմի արդյունքը դատավճիռ չէ, եթե գա ազգային իշխանություն»․ Իշխան Սաղաթելյան |news.am|
21:23 - 30 ապրիլի, 2022

«Պատերազմի արդյունքը դատավճիռ չէ, եթե գա ազգային իշխանություն»․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Այս իշխանությունն Ալիեւով շարունակում է վախեցնել ժողովրդին՝ ասելով, որ իրենց հեռացումից հետո լինելու է պատերազմ, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Եթե սրանք մնան, կտոր առ կտոր կորցնելու ենք Արցախը, Հայաստանը եւ հայոց պետականությունը։ Պատերազմը եւ պատերազմի արդյունքը դատավճիռ չէ։ Շատ երկրներում են եղել պատերազմներ, բայց որեւէ երկրում պարտված իշխանությունը չի վերարտադրվել․ կամ ինքնասպան է եղել կամ ժողովուրդն իրեն հեռացրել է։ Եթե գա ազգային իշխանություն, որը կունենա կամք եւ վճռականություն, մտածի, որ ելք կա, մենք կարող ենք պաշտպանել մեր երկիրը։ Նոր իշխանությունը պետք է խոսի եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ, բայց պետք է ոչ թե գնա ասի՝ ձեզ ի՞նչ տամ, այլ գնա ու պաշտպանի իր երկրի ու ժողովրդի շահերը»,- նշեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տանուլ է տվել նաեւ արտակարգ հարաբերությունների ոլորտում։

«Այս մարդն անկանխատեսելի է։ Այս մարդը ժուլիկությամբ գնում է Բրյուսել, մի բան է ասել, գնում է Մոսկվա, այլ բան է ասում, Արեւմուտքին ու Միացյալ Նահանգներին այլ բան է ասում, վերջում էլ Հայաստանում Անվտանգության նիստ է հրավիրում եւ ասում մեկ այլ բան։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տվել, որ կարող է շատ բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ մեր թիվ մեկ ռազմավարական եւ դաշնակցային գործընկեր Ռուսաստանի հետ, հարեւաններ Վրաստանի եւ Պարսկաստանի հետ, նաեւ ԱՄՆ-ի հետ։ Այս առումով կա շատ մեծ ռեսուրս միջազգային համագործակցության, ռազմավարական գործընկերոջ շատ ավելի կայուն հարաբերություններ հաստատելու համար»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

 

Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության այն հայտարարությունները, որոնցում ասվում էր, որ երկրում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ասաց

«Ակնհայտ է, որ իշխանությունը Ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը դրդելու է ապօրինի միջոցներով գործողություններ իրականացնել ընդդիմության եւ խաղաղ անհնազանդության դուրս եկած մարդկանց նկատմամբ»։

«Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը եթե այդքան շատ են մտածում մեր երկրի անվտանգության մասին, երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է Կառավարության շենքում։ Իրեն պետական դավաճանության հոդվածով կարող են ձերբակալել, երկրին մեծ օգուտ տված կլինեն․ դրանից հետո երկիր չենք կորցնի, կլինի խաղաղություն եւ կայունություն։ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության եւ Նիկոլի կողմից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ բոլոր ճնշումների դեպքում էլ Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է մնան իրենց լիազորությունների շրջանակում եւ չկատարեն անօրինական հրամանները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել