Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական |armtimes.com|
11:28 - 21 մայիսի, 2019

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հստակ հայտարարեց՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը եւ ներկայացրեց արվելիքի օրակարգը՝ բաղկացած 5 կետից։

Այդ կետերից մեկը, ինչպես նշեց վարչապետը, Հայաստանում գործող բոլոր դատավորներին, այսպես ասած, vetting-ի ենթարկելն է: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ։

Տիկին Նազարյան, վարչապետն այսօր հայտարարեց դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին։ Դատավորները հիմա էլ ներկայացնում են տարեկան հայտարարագիր, դրանից բացի՝ ինչպե՞ս է ստուգվելու նրանց գույքային վիճակը։

Այսպես ասած, vetting-ն անցումային արդարադատության գործիքներից է եւ օգտագործվում է պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին ստուգելու ժամանակ: Գույքային vetting-ի ենթարկվող պաշտոնյաները պետք է ներկայացնեն է՛լ ավելի մանրամասն հայտարարագիր եւ հայտնեն այս պահի դրությամբ իրենց ունեցած գույքի մասին:

Ի տարբերություն տարեկան եկամուտների մասին հայտարարագրի՝ vetting-ի հայտարարագիրը միանգամյա է: Այս հայտարարագիրն էլ հիմք կլինի vetting-ի գործընթաց սկսելու համար: Այն պաշտոնյաները, տվյալ դեպքում դատավորները եւ գուցե նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք չեն ցանկանա հանրությանը հայտնել իրենց գույքի եւ դրա ծագման մասին տեղեկություններ, պետք է հեռանան համակարգից, քանի որ իրենց ոչ թափանցիկ եւ հաշվետու վերաբերմունքով ստվեր են գցում եւ գցելու դատական համակարգի անկախության վրա:

Այս պահին պարզ չէ, թե որ մարմինն է ստուգելու հայտարարագիրը: Միջազգային պրակտիկայում հայտնի է, որ դա անում է կամ հանրային հեղինակություն ունեցող հանձնաժողովը, կամ էլ հակակոռուպցիոն մարմինը: Մեր դեպքում, ամենայն հավանականութամբ, կլինի երկրորդ տարբերակը։

Ինչո՞ւ է պետք օգտագործել vetting-ն ընդհանրապես:

Հայաստանում դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ այս գործիքի կիրառումը դարձել է հրամայական: Ընդ որում՝ անվստահության վերաբերյալ հայտարարություններ հնչում են դատական գործընթացի՝ առանց բացառության բոլոր կողմերից: Այստեղ նույնիսկ արդեն կարեւոր չէ՝ դատարանի որոշումը օրինական է, թե անօրինական, հիմնավորված է, թե անհիմն, որովհետեւ, միեւնույն է, չկա վստահություն, եւ սա է առանցքային հարցը:

Մինչդեռ, անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացնում դատարանը որեւէ մեկի մոտ նշույլ անգամ կասկած չպետք է մնա, որ դատարանը գործել է անկախ: Իսկ հիմա դատարանի որոշումից դժգոհները սկսում են տարբեր ազդեցություններ փնտրել, ինչն էլ խաթարում է արդարադատության հաստատումը: Փաստաբանները, պաշտպանները, դատախազները, քննիչները, մեղադրյալները՝ դատավարության գործընթացի բոլոր կողմերի մոտ կա կասկած, որ դատարանն անկախ չէ:

Սա նման է խելագարության ու մշտապես լարված վիճակում է պահում հանրությանը: Ինձ բացարձակ միեւնույն է, թե որ գործով ինչ որոշում կկայացնի դատարանը. ինձ պետք է վստահություն, որ այն պրոֆեսիոնալ է եւ անկախ: Ու այս ամենի մեջ ինձ զարմացնում է դատավորական համայնքի օդերում լինելը, բացարձակ անտարբերությունն իրենց հանդեպ ունեցած այս ծայրահեղ աստիճանի անվստահության նկատմամբ: Այս ամբողջ փոփոխությունների ընթացքում այդ համայնքը բացարձակ անհաղորդ ու անմասնակից մնաց իրենց հանդեպ հնչած մեղադրանքների նկատմամբ:

Վստահության կորուստը պետք է լիներ դատավորների համար առաջին մտահոգությունը, մինչդեռ ոմանց մտահոգությունը պատուհանից դատարան խցկվելն է: Ասենք թե պատուհանից ներս մտավ, հասավ իր աթոռին՝ չի՞ մտածում, որ իր որոշումը, ինչպիսին էլ լինի, շահարկվելու է ու չի՛ ընդունվելու:

Դատավորներից մեկն էլ, անունը չնշեմ, ասում է՝ վեթթինգ է, թե ինչ է, դատավորի համար ստորացուցիչ գործընթաց է…: Ես ուզում եմ հասկանալ՝ իսկապե՞ս ստորացուցիչ է հանրությանը հայտնել տիրապետած գույքի մասին տեղեկություն: Իմ կարծիքով՝ ստորացուցիչ է հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած որոշման հանդեպ տոտալ անվստահությունը:

Իսկ ինչպե՞ս են բացահայտվելու դատավորների ունեցած քաղաքական կապերն ու ծագումնաբանությունը, ինչպե՞ս է հնարավոր ինֆորմացիա ձեռք բերել նրանց՝ նախորդ շրջանում ծավալած գործունեության, նրանց՝ նախկին կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչների հետ կապի եւ անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։

Հայտարարագրի իմաստն այն է, որ այդ ամբողջ ինֆորմացիան տրամադրում են պաշտոնյաները, իսկ եթե կեղծում են հայտարարագրման ենթակա տվյալները, ապա պետք է է՛լ ավելի խիստ պատասխանատվության ենթարկվեն, քան հիմա է նախատեսված տարեկան եկամուտների մասին կեղծ տվյալներ տրամադրելու համար:

Շարունակությունը՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել