Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է
12:32 - 05 մայիսի, 2022

Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Ապրիլի 29-ին՝ Սարդարապատից  քայլերթով Երեւան եկող խմբի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ անվտանգային մի շարք հարցերի։

Խոսելով, մասնավորապես, բանակի մասին՝ նա ասաց«Սկսել են այդ քայքայիչ, ավերիչ գործունեությունը 2018 թվականից հետո, տռուսիկ, մայկա, ելակ, տուշոնկա եւ այլն, եւ այլն, եւ ստացանք այն, ինչ օրինաչափ ձեւով նման քաղաքականության պարագայում պետք է ստանայինք։ Իմ հաշվարկով՝ առնվազն 3 տարի պետք է բանակի վերականգնման համար, եթե վատ աշխատես՝ 3-5 տարի, այդ 3 տարուց 1․5 տարին արդեն կորսված են, բայց ես համոզված եմ, որ 3 տարում, այո, ի վիճակի ենք բավականին լուրջ անվտանգային համակարգ ձեւավորել։ Նայեք, այս վերջերս հայտնաբերված 300-400 դոլարանոց գործակալների, ադրբեջանական, սենց ասենք, շպիոնների առկայությունը ինչի՞ մասին է խոսում։ Բարոյահոգեբանական վիճակը բանակում այնպիսինն է, որ այդ երեւույթը․․․ Ուղղակի չկային այդպիսի բաներ»։

Քոչարյանը, ըստ ամենայնի, նկատի ունի  Ազգային անվտանգության ծառայության կողմից ապրիլի  20-ին բացահայտված դեպքը, ըստ որի՝ Զինված ուժերի կոչումով սպա զինծառայող ՀՀ քաղաքացին, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, վարձատրության դիմաց (ընդ որում՝ ոչ թե 300-400, այլ ընդհանուր 1400 ԱՄՆ դոլարի) նրանց է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող մի շարք տեղեկություններ։ 

Ամեն դեպքում, վերջերս բացահայտված որ դեպքն էլ նկատի ունեցած լինի նա, ինքնին պնդումը, թե նախկինում «այդպիսի բաներ» բանակում չկային, սխալ է։ Դա են վկայում ինչպես մեր հարցմանն ի պատասխան ոստիկանության վերջերս հայտնած տեղեկությունները, այնպես էլ մամուլի մի շարք հրապարակումներ ու Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալները։

Մասնավորապես, Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից նախորդ ամիս հայտնել են, որ 2009, 2011, 2015 թվականներին ՀՀ-ում արձանագրվել են լրտեսության 1-ական դեպքեր, իսկ 2009, 2013, 2014, 2015 թվականներին՝ պետական դավաճանության 1-ական դեպքեր։ Պետական դավաճանության 2 դեպք էլ արձանագրվել է 2011 թվականին։ Այսինքն՝ մինչեւ 2018 թվականը հիշյալ տարիներին արձանագրվել է լրտեսության եւ պետական դավաճանության ընդհանուր առմամբ 9 դեպք։ Քանի որ այս դեպքերի վերաբերյալ նույնականացնող բավարար տվյալներ Ոստիկանությունը չի հայտնել, իսկ Դատալեքսում տեսանելի այդ թվականների գործերը մեծամասամբ փակ են, հնարավոր չէ այսքանով միայն պնդել, թե այդ բոլորը կատարվել են ԶՈՒ ծառայողների կողմից կամ վերաբերել են հենց բանակին կամ որ այդ բոլորով հանցագործություններն ի վերջո հաստատված են համարվել։

Սակայն մամուլում եւ Դատալեքսում առկա են նաեւ մի շարք բաց տեղեկություններ՝ ՀՀ եւ ԼՂ քաղաքացիների, այդ թվում՝ ԶՈՒ ծառայողների մասնակցությամբ լրտեսության եւ լրտեսության ձեւով պետական դավաճանության իրականացման, դրանց առթիվ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ այդ գործերով կայացված դատավճիռների վերաբերյալ։

Օրինակ՝ 2013 թ․-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի 31-ամյա բնակչուհի Մանե Մովսիսյանը, որը հետագայում մեղավոր է ճանաչվել: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կայացրած դատավճռի՝ զորամասում աշխատելու ընթացքում Մովսիսյանը համացանցի միջոցով Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցներին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաեւ՝ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող էին օգտագործվել ՀՀ-ն եւ ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Ըստ Դատալեքսի՝ Մովսիսյանի վերաբերյալ դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։

Դարձյալ 2013 թ․-ին լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր են ճանաչվել ԼՂ երկու քաղաքացիներ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը։ Վերջինս հանդիսացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող։ Ըստ մեղադրանքի՝ ծանոթանալով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բնակվող, սփյուռքահայ կազմակերպության անդամ ներկայացած ոմն Սամվել Ազատյանի հետ՝ ԼՂ քաղաքացիները իբր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով նրան են փոխանցել արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների եւ վիրավորվածների, բժշկական սպասարկման, սննդի, շինությունների վիճակի եւ ՊԲ-ի մասին մի շարք այլ տեղեկություններ, ինչի դիմաց վարձատրվել են գումարով ու նվերներով։ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը դատապարտվել են համապատասխանաբար 10 եւ 11 տարի ազատազրկման։ Ժամանակին այդ գործով պաշտպանություն իրականացրած փաստաբան Էրիկ Բեգլարյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ, ապա նաեւ՝ Գերագույն դատարան, սակայն արդյունքում, մնացել է անփոփոխ՝ մտնելով օրինական ուժի մեջ։

2015 թ․-ին հայտնի է դարձել վարձատրության դիմաց պետական դավաճանության մեկ այլ դեպք, ըստ որի՝ պահեստզորի մայոր Գարիկ Մարությանը, 1997-2014 թթ. զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի միջոցով հայտնվել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, ինչպես նաեւ՝ ծանոթ զինծառայողներից հայթայթած, այդ թվում եւ գաղտնի տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ։ Մարությանի վերաբերյալ գործը Դատալեքսում փակ է, այդ իսկ պատճառով կապ հաստատեցինք այդ ժամանակ նրա պաշտպանությունն իրականացրած, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ, որը մեր զրույցում տեղեկացրեց, որ Մարությանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 14 տարի ազատազրկման։ Դատավճիռը հետագայում բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ դատարանը այն թողել է անփոփոխ։

Մեկ այլ օրինակ է պահեստազորի փոխգնդապետ, նախկին զինծառայող Գեւորգ Հայրապետյանին եւ նրա ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապն ապահոված Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերինի վերաբերյալ 2009 թ․-ին հարուցված քրեական գործը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մարտիրոս Կարապետյանի կայացրած դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 12 եւ 10 տարի ազատազրկման։ Այդ տարիներին Հայրապետյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցում հայտնեց, որ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն առհասարակ վարույթ չի ընդունել, ինչի արդյունքում այն մտել է օրինական ուժի մեջ։ Այնուհանդերձ, նշենք նաեւ, որ Հայրապետյանի գործով 2011 թ․ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը նախորդ տարի՝ 2021 թ․-ի դեկտեմբերին ճանաչել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը՝ ընդգծելով հատկապես այն, որ դռնփակ դատաքննությունը հիմնավոր չի եղել։ Սաֆարյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումից հետո Հայրապետյանը առողջական խնդիրների եւ դատական համակարգի բարեփոխված չլինելու պատճառներով չի ցանկացել վերաբացման վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ, այսինքն՝ ներպետական ատյաններում նրա դատավճիռը այդպես էլ չի բեկանվել։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացուն, նրա մասով դատավճիռը եւս մնացել է ուժի մեջ։

Նշենք նաեւ, որ բանակի մասին տեղեկությունների փոխանցման գործընթացում միշտ չէ, որ անձամբ ԶՈՒ ներկայացուցիչներ կամ զինծառայողներն են ներգրավված եղել։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հասանելի է, օրինակ, 2011 թ․-ի մի գործ, որի շրջանակում քաղաքացիներ Կարեն Մեհրաբյանը եւ Ռոմիկ Ավետիսյանը դատապարտվել են գումարի դիմաց լրտեսության տեսքով դավաճանություն կատարելու, իսկ Աշոտ Չրտկյանը՝ նրանց օժանդակելու մեջ։ Այս դեպքի շրջանակում քաղաքացիները, ի թիվս այլնի, փորձել են ծանոթների, ինչպես նաեւ՝ ՀՀ ՊՆ աշխատակիցների եւ ԼՂ քաղաքացիների ներգրավմամբ Ադրբեջանին փոխանցել բանակի անձնակազմի, զենք-զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի եւ ՊԲ-ին վերաբերող այլ տեղեկություններ։ Բողոքարկման արդյունքում դատավճիռը մնացել է անփոփոխ։

2014 թ․-ին բացահայտված պետական դավաճանության մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճում է եղել ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013թ․-ին սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 11 տարի ազատազրկան։ Դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։

Իսկ 2016թ․-ին պետական դավաճանության մեկ այլ գործով էլ մեղավոր են ճանաչվել քաղաքացիներ Ռաֆիկ Պապոյանը եւ Կարինե Ղումաշյանը։ Ըստ դատավճռի՝ նրանք, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ի թիվս այլնի, համոզել են իրենց որդիներին փոխանցել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Բողոքարկման արդյունքում նրանց դատավճիռը եւս մնացել է օրինական ուժի մեջ։

Այսպիսով, մամուլում եւ Դատալեքսում առկա բաց տեղեկությունների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ 2018 թ․-ին նախորդած տարիներին կատարվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության առնվազն 7 դեպք, ուստի Քոչարյանի պնդումը, թե «այդպիսի բաներ» բանակում չկային, իրականությանը չի համապատասխանում։ Նշենք նաեւ, որ որոնում իրականացնելիս ակնհայտ է դառնում, որ Դատալեքսում ոչ բոլոր գործերն են առհասարակ տեսանելի, քանի որ տեսանալի (այդ թվում՝ ե՛ւ բաց, ե՛ւ փակ) գործերի թիվը պակաս է Ոստիկանության հայտնած դատարան ուղարկված գործերի թվից։ Ամեն դեպքում, հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում հարուցվել է այնքան քրեական գործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում։

 

Միլենա Խաչիկյան






Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել