Մայիսի 5-ին Բեռնում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները (Anna Ifkovits Horner)։ : Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի կայքը։
Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին Հայաստանի և Շվեյցարիայի միջև օրերս նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը:
Հայաստանի և Շվեյցարիայի պատվիրակությունները բարձր գնահատեցին երկու երկրների միջև ձևավորված սերտ քաղաքական երկխոսությունը, մշակութային ու գիտակրթական ոլորտներում համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել դրանք խորացնելու ուղղությամբ։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում ծավալվող համագործակցության շուրջ և քննարկեցին փոխաջակցությանը վերաբերող հարցեր։ Շեշտվեց Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարաններում ակտիվորեն գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների խթանման գործում։
Ընդգծվեց առևտրատնտեսական կապերի զարգացման կարևորությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել այն ընդլայնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող շարունակական գործունեությանը. ընդգծվեց 2022-2025թթ. ռազմավարության կարևորությունը, որի շրջանակում, Հայաստանում նախատեսվում է հավակնոտ ծրագրերի իրագործում։
Խորհրդակցությունների ընթացքում հայկական կողմը ներկայացրեց 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին համապարփակ լուծում տալու անհրաժեշտությունը` վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առանցքային դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցում: Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։
Հայկական պատվիրակությանն ընդունեց Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Յոհաննես Մաթիասին:
comment.count (0)