Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ․ Սասուն Միքայելյան
11:56 - 08 մայիսի, 2022

Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Երկրապահների օրվա առիթով ուղերձով է հանդես եկել․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 8-ը Երկրապահի օրն է:
 
Նախորդ դարավերջին, չունենալով բանակ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել մեզ, եւ մենք միասնական կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Այսօր երկրապահները, կամավորականները, ազատամարտիկները վստահ են, որ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ կունենանք:
 
Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:
 
Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ: Տոնդ շնորհավո՛ր, Սպարապետ:
 
Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել ենք բազում փորձություններ։ Սպարապե’տ, մենք հավատարիմ ենք մնալու մեր առաքելությանն ու Քո պատգամին: Այսօր մեր շարքերը համալրվում են երիտասարդներով եւ պատանի երկրապահներով: Սիրելի՛ պատանի երկրապահներ, հավատում եմ, որ Դուք մեր արժանի հետնորդները կդառնաք:
Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին: 
 
Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ:
 
Մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել մեր թույլ տված սխալներից:
Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է:
Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ մեր խիզախ զինվոր:
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը:
Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր.
 
«Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի:
Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:
 
Սիրելի’ հայրենակիցներ
Եկեք միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը:
 
Հավերժ փա՛ռք նահատակված քաջերին,
Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին,
Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
Աստված պահապան մեր ազգին»,- ասված է ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել