ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր։
Ծնվել է 1958 թ․-ի նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում։ 1997թ․ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը, 2002թ․՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 1976-1978 թթ․ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը և մասնակցել Արցախյան պատերազմին։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
1993 թ․-ի եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996 թվականից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1996-1999 թթ․ ընտրվել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2003-2007 թթ․ կրկին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ։ 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։
2011 թթ․ համաներմամբ ազատ է արձակվել։ 2011-2012 թթ․ եղել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ։ 2013թ․ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015 թ․ ընտրվել է նույնանուն կուսակցության Վարչության անդամ: 2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, սակայն կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու համար։ 2017 թ․ ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ։