Ասիական զարգացման բանկ

Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության ուղղությամբ փոխնախագահ Բհարգավ Դասգուպտային: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղություններն ու մեխանիզմները: Այդ համատեքստում ընդգծվել է պետություն-մասնավոր համագործակցության, կապիտալի շուկայի զարգացման, ինչպես նաև կանաչ տնտեսության ուղղությամբ ԱԶԲ փորձագիտական ներուժի կիրառման կարևորությունը: 
15:05 - 14 մայիսի, 2024
Ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև

Ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 27-ին, ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև:   Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի՝ Հայաստան այցի շրջանակներում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:   Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը:   Ծրագրի իրականացման համաձայնագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի միջև:   «Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թ․ հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը մեկնարկել է 2016 թ., որի շրջանակներում ԱԶԲ-ից ներգրավվել են վարկային միջոցներ՝ 88,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:   Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ներգրավել ևս 66,100,000 եվրոյի չափով վարկային միջոցներ՝ ծրագրի ամբողջական իրականացումն ավարտին հասցնելու նպատակով։   Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը սեյսմակայունության ժամանակակից չափանիշներին համապատասխան, այդկերպ՝ շուրջ 20000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը:   Ծրագրի շրջանակներում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատնքերի իրականացման տարբեր փուլերում։   Նշյալ ծրագիրն ամբողջովին համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:   Վահե Հովհաննիսյանի և Դոնալդ Լամբերտի միջև ստորագրվել է նաև մեկ այլ՝ «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը 60,090,000 եվրո արժողությամբ:   Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակովi-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ինչպես նաև ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ:
20:53 - 27 նոյեմբերի, 2023
Վարչապետն ԱԶԲ նախագահի հետ քննարկել է ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերը

Վարչապետն ԱԶԲ նախագահի հետ քննարկել է ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավային: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը գործադիրի համար ունի առաջնահերթ նշանակություն: Մասացուգու Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը: Այս համատեքստում քննարկվել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման, ճանապարհաշինության, առողջապահական ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
14:12 - 27 նոյեմբերի, 2023
ՄՊՀ անդամներն ու Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունը

ՄՊՀ անդամներն ու Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Շուշան Սարգսյանը և Տիգրան Մարկոսյանը հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն էր քննարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: ՄՊՀ ներկայացուցիչները, որպես առաջնահերթություն, առաջարկել են դիտարկել  բիզնես միջավայրում մրցակցային մշակույթի զարգացմանը նպաստող համատեղ միջոցառումների իրականացման, մրցակցային իրավունքի գիտագործնական ձեռնարկների, իրավակիրառ պրակտիայի վերաբերյալ ժողովածուների համատեղ մշակման ուղղությունները։ Քննարկվել են նաև ձեռնարկատիրական գործունեության տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունները: Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով համագործակցության հնարավորությունների շուրջ:  
17:23 - 03 մարտի, 2023
ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

Ազգային ժողովն այսօր կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել։ Նիստի սկզբում Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։  Փոխնախարարն ընդգծեց այս հարցը և արտահերթ նիստի օրակարգի երկրորդ հարցը՝ ՀՀ-ին եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցերը միմյանց հետ փոխկապակցված են։ Հովհաննիսյանը նշեց՝ երկու համաձայնագրերն էլ վերաբերում են հարկաբյուջետային քաղաքականության և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներին։  Նրա խոսքով՝ Ասիական զարգացման բանկի միջև կնքվելիք համաձայնագիրը ներգարվելու է 100 միլիոն դոլարի վարկ․ «Նշյալ բյուջետային աջակցության միջոցները ուղղվելու են 2022 թ․-ի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը և այս մասով վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից։ Այս համաձայնագիրը կապված է բազմաթիվ բարեփոխումների հետ, որը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և նպաստել են դրանց իրագործմանը»։  Փոխնախարարը առանձնացրեց մի քանի բարեփոխումներ,  որոնք կարևոր են թե ֆիսկալ կայունության, թե հարկաբյուջետային պլանավորման տեսանկյունից․ «Առաջինը, հարկաբյուջետային պլանավորման թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումն է, երկրորդը՝ պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության, հարմարվողականության բարձրացումը ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը»։  Նախագծի քննարկման ընթացքում  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը անրադարձավ նշյալ համաձայնագրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի եզրակացություններին՝ դրանք համարելով թերի․ «Կներկայացնեմ Սահմանադրական դատարանի որոշումները, որտեղ նույն ժամին կայացած նիստի արդյունքում մի տեղ Սահմանադրական դատարանը հանդես է գալիս 9 անդամով, մի տեղ՝ 8 անդամով։ Սա փաստում է, որ այս փաստաթղթերը առնվազն չեն համապատասխանում իրականությանը, հույս ունեմ՝ ՍԴ-ն կարձագանքի իմ ելույթին, առերևույթ սա պաշտոնական կեղծիքի մասին է խոսում։ Կուզենայի նաև դատարանի որոշման որակական կողմին անդրադառնալ, որովետև ներկայացվում է միջազգային պայմանագիր, որտեղ մի հատված 111 էջից բաղկացած պարտավորությունների շարան է, որը պետք է ՍԴ-ն նորմալ վերլուծության ենթարկեր և ասեր, օրինակ, ՀՀ-ն երբ ստանձնում է այս պարտավորությունները և ՀՀ ԱԺ-ն պարտավորված պետք է լինի այս ամենը ընդունելու, որքանո՞վ է համապատասխանում մեր սահմանադրական կարգավորումներին։ Արդյոք կարո՞ղ է կառավարությունը նման համաձայնագիր ստորագրել, որով ԱԺ-ին ի սկզբանե պարտավորության տակ դնի, հետո էլ բերվի նախագիծ և այդ նախագծի շրջանակում ասվի՝ ԱԺ, դու արդեն վավերացրել ես, հետևաբար պարտավոր ես սա ընդունել» ։
12:22 - 09 դեկտեմբերի, 2022
ՀՀ նախագահն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

ՀՀ նախագահն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ողջունելով Եվգենի Ժուկովին, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ 2005 թվականից, երբ պաշտոնապես մեկնարկեց Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունը, բանկը դարձել է Հայաստանի կարևոր միջազգային գործընկերներից մեկը: Հանրապետության նախագահը շեշտեց, որ առանձնահատուկ կարևորում է ինչպես Հայաստանի Կառավարության, այնպես էլ մասնավոր սեկտորի հետ համատեղ Բանկի կողմից իրականացվող ծրագրերը: Եվգենի Ժուկովը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարևորագույն գործընկերներից մեկն է, և իրենք թե՛ մասնավոր հատվածում, թե՛ Հայաստանի Կառավարության հետ, միտված են շարունակել ու առավել ընդլայնել բազմաշերտ փոխգործակցային ծրագրերը, որոնք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցության, «կանաչ տնտեսության», կրթության և բազմաթիվ այլ ոլորտների: Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասի տնտեսական և քաղաքական իրողություններին և տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա դրանց ազդեցությանը: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի տնտեսության զարգացման որակական փոփոխության առաջնային պայմաններից մեկը խաղաղությունն ու անվտանգային միջավայրն են, և Հայաստանը հաստատակամ է բոլոր հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը: Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են ապագայում էլ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի փոխգործակցության շարունակականությունը:
15:34 - 24 նոյեմբերի, 2022
Վարկային համաձայնագրեր՝ Հայաստանի, Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ

Վարկային համաձայնագրեր՝ Հայաստանի, Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ

Հայաստանի ֆինանսների նախարարությունում երեկ՝ նոյեմբերի 17-ին «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝  100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:  Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:  Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են՝  ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ փողի ու կապիտալի շուկաների զարգացումը, մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ եւ ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելու համար։ 
12:25 - 18 նոյեմբերի, 2022
Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր. Վահան Քերոբյան

Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնամիկայի նախարարությունից։   «Հանդիպման սկզբում ներկաները քննարկել են տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։   Վերջերս ԱԶԲ-ն գործարկել է իր Գիտելիքի և նորարարության կենտրոնը, որը նույնպես համագործակցության հարթակ կարող է դառնալ։   Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական նոր ռազմավարությունը հիմնված է գիտելիքի վրա, իսկ ԱԶԲ-ի կողմից գիտելիքն ու նորարարությունն արդեն ներդրված են իրենց ծրագրերում։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի այն կարիքները, որոնց աջակցություն է անհրաժեշտ։   ԱԶԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև կայուն զարգացման ծրագրերով, մասնավորապես արևային կայանների և այլ նորարարական նախագծերով։   Զրույցի ընթացքում նախարարը հավելել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր», - ասված է հաղորդագրության մեջ։  
14:29 - 09 սեպտեմբերի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարները

Փոխվարչապետ Մաթևոսյանն ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 13-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հատկապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի համատեքստում։ Այդ համագործակցության շրջանակում հատկանշական է համարվել ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում» ծրագիրը, որի շրջանակում 46 դպրոցների շենքերի ամրացման և հիմնական նորոգման աշխատանքներ են իրականացվում։ Փոխվարչապետն այն որակել է օգնող բաղադրիչ՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնությանը։ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել նաև ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման հարցում, մասնավորապես, այնպիսի առանցքային ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» և «Քաղաքային կայուն զարգացման» ներդրումային ծրագրերը։ Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և արդյունավետ գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և քննարկել համագործակցության նոր հեռանկարները։
09:23 - 14 հուլիսի, 2022
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը կարևորել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը կարևորել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի համար ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել 2019-2023թթ. համատեղ գործունեության ռազմավարության կարևորությունը: Օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին Քովիդի դեմ պայքարի ընթացքում Հայաստանին աջակցելու համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների, էներգետիկայի և կրթության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերը: Երկուստեք կարևորվել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում Մհեր Գրիգորյանը շեշտել է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացման տեսանկյունից ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Փոխվարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում թվայնացման և հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում առկա մարտահրավերներին: 
18:34 - 02 հունիսի, 2022
Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը

Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 1-ին հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը պարոն Չենին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը եւ ծրագրային գերակայությունները, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունն, անդրադարձ է կատարել մակրոտնտեսական քաղաքականությանը: Նախարարը բարձր է գնահատել Ասիական  զարգացման բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շիխին Չենն ընդգծել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարեւոր գործընկերն է եւ հավելել, որ Բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են կառուցվածքային բարեփոխումների օրակարգում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանն առնչվող հարցերի մեծ շրջանակ:
17:15 - 01 հունիսի, 2022
Ֆինանսների նախարարն աշխատանքային քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

Ֆինանսների նախարարն աշխատանքային քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 27-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին փոխգործակցության համար և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը: Հանդիպման օրակարգում եղել են Ասիական զարգացման բանկի՝ 2022-2025թթ. վարկային պորտֆելի ձեւավորման եւ հենակետային թեմաների քննարկմանն առնչվող հարցերը: Առանձնահատուկ ընդգծվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության, ինչպես նաեւ Երեւանի ու մարզային ճանապարհային ցանցի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգման առաջնահերթությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ արդարադատության եւ առողջապահության ոլորտներում տեխնիկական աջակցության տրամադրման հարցերին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկա անելիքների վերաբերյալ:
13:44 - 27 մայիսի, 2022
Ասիական զարգացման բանկը մտադիր է շարունակել Հայաստանում իրականցվող ծրագրերը

Ասիական զարգացման բանկը մտադիր է շարունակել Հայաստանում իրականցվող ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ ներկայացուցիչների հետ ընթացիկ և հետագա համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությունը։  Նախարարն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանում բավական շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում, որոնք կարևորվում են ՀՀ կառավարության կողմից։ Արիֆ Բահարուդինն իր հերթին նկատել է, որ համավարակից հետո Հայաստանի տնտեսությունը բավական լավ թափով վերականգնվում է և ցանկություն կա Հայաստանում շարունակել ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես հակված են շարունակել դպրոցներում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, հետաքրքրված են նաև  հյուսիս-հարավ ծրագրի հարավային հատվածով, կարևորում են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերով ԱԶԲ գործընկերների կողմից ցուցաբերված ուշադրության և հետևողականության համար։ Փոխնախարարը ներկայացրել է հեռանկարային այն ծրագրերը, որոնք մշակվում և  նախապատրաստվում են նախարարության կողմից։ Ե՛վ նախարարը, և՛ Քրիստինե Ղալեչյանն առանձնացրել են հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը և կարևորել ԱԶԲ ներգրավվածությունն այս ծրագրում: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ծրագրերի արդիականացման և իրականացման հնարավորությունները:
17:17 - 16 մարտի, 2022
 ՀՀ փոխվարչապետն ընդունել է Պաոլո Սպանտիգատիին. քննարկվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Պաոլո Սպանտիգատիին. քննարկվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետի գրասենյակը, որում ասված է. «Փոխվարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև հաստատված հաջող գործընկերությունը՝ նշելով, որ այն արդյունավետ է եղել ինչպես ենթակառուցվածքների ու մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հարցում: Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է այն՝ ակտիվ աշխատանքներ տանելով դրա 2-րդ և 3-րդ տրանշներն ավարտին հասցնելու ուղղությամբ: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ ծրագրի հարավային հատվածի շինարարությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն առավել ընդգծում է դրա ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին», որով նախատեսված է եղել կառուցել և ամրացնել 46 դպրոց: Շեշտելով առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԱԶԲ-ի տրամադրած աջակցությունը ինչպես բժշկական կարողությունները զարգացնելու, այնպես էլ ճգնաժամային պայմաններում հեռավար կրթության անցման ուղղությամբ: Հանդիպման օրակարգում էր նաև պետություն-մասնավոր գործընկերության հարցը: Համբարձում Մաթևոսյանը ուշադրություն է հրավիրել մասնավոր հատվածում ԱԶԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի ավելացման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով նոր օրենսդրական դաշտի առկայության և այդ ասպարեզում ԱԶԲ-ի կողմից միջազգային լավագույն փորձին տիրապետելու հանգամանքները»:
18:32 - 08 դեկտեմբերի, 2021