Վահե Հովհաննիսյանը՝ ընկերություն հիմնելու և հայտարարագրում անտոկոս վարկ ունենալը նշելու մասին
 |1lurer.am|
13:07 - 02 մայիսի, 2025

Վահե Հովհաննիսյանը՝ ընկերություն հիմնելու և հայտարարագրում անտոկոս վարկ ունենալը նշելու մասին |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում կամ ուսումնասիրել վերջացրել է (այդ ստատուսի մասին տեղյակ չեմ), այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարը՝ անդրադառնալով իր հայտարարագրում ներկայացրած որոշ տվյալների:

«Ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ հնարավոր էր, այդ թվում՝ իմ հաշիվների քաղվածքը, ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումներն արել, որտեղ, ըստ էության, երևում են իմ հայտարարագրածի ապացույցները: Եթե որևէ խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը [պարզաբանում] կստանան»,- ասաց նախարարը:

Հարցին էլ՝ հրավիրվե՞լ է հարցաքննության, նախարարն արձագանքեց. «Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից: Ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը քրեական հետապնդում չի հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա»:

Այս համատեքստում նախարարն անդրադարձավ նաև անտոկոս վարկ ստանալու մասին խոսակցություններին: Նա տեղեկացրեց, որ 2020 թվականի պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշել են տեխնոպարկ հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ:

«Որոշեցինք այսպիսի բան հիմնադրել, և իմ ընկերներից մեկը՝ որպես իր մասնակցություն այդ գործընթացում, այդ գումարը ներդրեց այս գործի մեջ, որը ձևակերպեց որպես պարտք, և որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը: Սա է ամբողջ պատմությունը:

Հետո, իհարկե, 2021 թվականի օգոստոսին, երբ Կառավարությունը որոշեց, որ պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, ես ստանձնեցի այդ պաշտոնը: Երբ պարզ էր, որ ես այլևս այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, այդ պարտքը և այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի, և այդ ընկերությունը, որքանով տեղյակ եմ, արդեն այդ ներդրման ամբողջ ծավալն իրականացրել է և գործունեություն է իրականացնում»,- ասաց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև ընկերության՝ արտոնություն ստանալուն՝ նշելով, որ տեղյակ չի եղել այդ արտոնության պատմությունից, քանի որ վերոնշյալ ընկերությունը սարքավորումներ ներմուծելիս, ինչպես բազմաթիվ այլ ընկերություններ, դիմել է էկոնոմիկայի նախարարություն՝ ներմուծման արտոնություն ստանալու:

«Եթե չեմ սխալվում, ապա 50-ից ավելւ ընկերություններ ստացել են այդ արտոնությունը: Այստեղ կառավարությունը հայեցողական որոշում կայացնելու հնարավորություն էլ չունի, որովհետև հստակ սահմանված է, թե ինչ ապրանք ներմուծելու համար ինչ չափով ինչ արտոնություն կարող են ընկերությունները ստանալ: Եթե այդ ընկերությունն այդ արտոնությունը ստանար, դա խախտում կլիներ»,- ասաց նա:

Նշենք, որ խոսքը 2021 թվականին նախարարի ստացած 1 մլն դոլար անտոկոս փոխառության մասին է, որը ներառվել էր նրա՝ 2022 թվականի հայտարարագրում, իսկ 2023 թվականի հայտարարագրում նշված չի եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել