Արցախում ապրողների իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակի հարցը․ Արմեն Գրիգորյան |hetq.am|
13:58 - 02 հունիսի, 2022

Արցախում ապրողների իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակի հարցը․ Արմեն Գրիգորյան |hetq.am|

hetq.am: «Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակի հարցը»,- այս մասին Կառավարության հունիսի 2-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Խոսելով սամանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի՝ Մոսկվայում կայանալիք հաջորդ հանդիպման մասին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ աշխատանքային խմբերը շարունակելու են քննարկել, թե ինչպես են առաջ տանելու այդ գործընթացը, և օրակարգում, որպես առաջին հանդիպման շարունակություն, լինելու են սահմանազատմանն ու սահմանագծմանը վերաբերող հարցեր։

Լրագրողի հարցին, թե ինչու է հայկական կողմի հանձնաժողովի թիվը կրկնակի պակաս ադրբեջանականից՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Հանձնաժողովի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը միշտ էլ պատրաստություն է անցնում»։

Ըստ Գրիգորյանի՝ ցանկացած լարում սահմանին բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա։ Դա էր պատճառը, որ հայկական կողմը սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էր հայելային ձևով հետ քաշել զորքերը, որպեսզի սահմանին կայունություն լինի։ 

«Սահմանային կայունությունը շարունակում է մնալ մեր օրակարգում, կքննարկենք և հուսով ենք լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- նշեց նա։

«Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Շառլ Միշելը պարզաբանումներով հանդես եկավ, քանի որ հայկական կո՞ղմն էր խոսել դրա անհրաժեշտության մասին»,- հարցրին Գրիգորյանին։ «Մայիսի 22-ի հանդիպումից հետո շարունակական աշխատել ենք Բրյուսելի հետ։ Բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են և չեն համապատասխանում այն օրակարգին, որը քննարկվել է Բրյուսելում, մեր գործընկերների հետ այս հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք ունենում և բարձրացնում ենք այս հարցը»,- ասաց ԱԽ քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել