Լեւոն Քոչարյան, 11 տարվա մեջ քո պապան մեկ անգամ ցավակցե՞լ է. Սարգիս Քլոյան |lragir.am|
14:27 - 16 մայիսի, 2019

Լեւոն Քոչարյան, 11 տարվա մեջ քո պապան մեկ անգամ ցավակցե՞լ է. Սարգիս Քլոյան |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը

Պարոն Քլոյան, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պատրաստ է հանդիպել Ձեզ հետ։ «էդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են շահում», ասել է նա՝ ակնարկելով նաև Նիկոլ Փաշինյանին։ Պատրա՞ստ եք հանդիպել Լևոն Քոչարյանի հետ։

 

Ուշադիր լսեք ինչ եմ ասում. Լևոն Քոչարյան, նախ ես եղել եմ 2008-ի ցույցերի մասնակից, ամեն ինչ իմ աչքով եմ տեսել։ Տեսել եմ, թե ինչ է կատարվել մարտի մեկին, և որևէ մեկը չի կարող շահարկել մարտի մեկը, որովհետև որևէ մեկը չի կարող մեզ ուղղորդել, մենք հասուն մարդիկ ենք, այս 11 տարվա մեջ մենք արդեն դարձել ենք հմուտ քաղաքական գործիչներ, մենք ամեն ինչ տեսել ենք և ամեն ինչ շատ լավ հասկանում ենք։

Մենք երբեք չենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ մարդ է սպանել, մենք քո պապային մեղադրում ենք մի բանի մեջ. մենք ասել ենք և ասում ենք՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը հրաման չի տվել, որ չկրակեն ժողովրդի վրա։ Սա է Ռոբերտ Քոչարյանի՝ քո պապայի համար առաջին սխալը։ Երկրորդ սխալը՝ ինչու նա սահմանից զորքը բերեց Երևան։ Այդ ժամանակ ոստիկանները իրենց ավելի ամուր, ավելի դուխով զգացին, նրանց մեջքն ամրացավ, պնդվեց և ավելի վայրագորեն հարձակվեցին ժողովրդի վրա։ Դու տապալել ես սահմանադրական կարգը, և մենք դրա մեջ ենք քեզ մեղադրում։ Հիմա էլ ոչ մեկը չի ասում, որ դու անձամբ մարդ ես սպանել։

Հաջորդը, որ ուզում եմ պատասխանել Լևոն Քոչարյանին. Լրագրողների հետ զրույցում նա ցավակցել է ինձ, ես պատասխանում եմ՝ տասնմեկ տարվա մեջ քո պապան մեկ անգամ զոհերի հարազատներին ցավակցե՞լ է, ասել է՝ բոլորին փոխհատուցում տվեցին, Համլետ Թադևոսյանին և մյուսներին, իսկ մեկ լումա հատկացրեցի՞ք զոհերի հարազատներին, բա նրանց երեխաները ինչպե՞ս են ապրելու։ Բացի այդ, ես այսօր ստացել եմ դատավորներից իմ իրավունքները։ Ես՝ որպես տուժողի իրավահաջորդ, երբ սկսվի հիմնական դատական նիստը, այնտեղ իրավունք ունեմ հարցեր տալու, վկայություն տալու և այլն։

Այդ ժամանակ ես Ալումյանին հակահարված եմ հասցնելու իր սուտ խոսքի համար, որ դատավորին խաբում էր, թե ցուցարարները զինված էին և այլն, քիչ էր մնում ասեր ատոմային ռումբ էին բերել, սա լկտի սուտ է։ Եվ ինչ պետք է, ես դատական նիստի ժամանակ կասեմ։

Քոչարյանը դատարանում ասել է, որ տասը զոհերից առնվազն յոթին կրակել են ոչ ոստիկանները, ոչ էլ բանակը։ Այստեղ տեսնո՞ւմ եք մեղադրանք ուղղված ցուցարաններին։

Դե ուզում է պաշտպանվի: Ինչպես ասում է Արամ Մանուկյանը, դա Քոչարյանի վերջին թփրտոցն է: Ինչպես ջրից հանած ձուկն է թփրտում, այնպես էլ Քոչարյանն է հիմա թփրտում: Բա պետք է այդպես ասի, բա ի՞նչ ասի:

Շարունակությունը՝ lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել