armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շոտլանդիայի հետ անհաջող հանդիպումը կապում է անվստահ խաղի հետ:
«Շոտլանդիայի ընտրանին ավելի ուժեղ էր մեզնից: Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ, երբ գնդակը մեզ մոտ էր լինում: Շոտլանդացիները ֆիզիկապես շատ ուժեղ են»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կապառոսը:
Գլխավոր մարզչի խոսքով շոտլանդացիները հրաշալի են օգտագործում ստանդարտները:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվեց Շոտլանդիայի հավաքականին: Գլազգոյի «Հեմպդեն պարկ»-ում կայացած խաղի առաջին կեսում բացարձակ առավելություն ուներ Շոտլանդիայի հավաքականը. տան տերերն իրար հաջորդող գրոհներով տիրել էին նախաձեռնությանը: Հանդիպման 28-րդ րոպեին հեռահար փոխանցում ստանալով, գլխի շեշտակի հարվածով, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ռալստոնը: Շոտլանդիան կարողացավ կրկնապատկել առավելությունը, մինչ թիմերը կգնային ընդմիջման: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Մըքեյնան: Երկրորդ կեսը գրեթե նույն զարգացումն ունեցավ և Շոտլանդիան շարունակում էր խաղն իր ձեռքում պահել: Հայաստանի հավաքականի պաշտպանները մեծ ծավալի աշխատանք էին կատարում, հատկապես թիմի ավագ Վարազդատ Հարոյանը: Ի վերջո Շոտլանդիան կարողացավ պահել առաջին խաղակեսում գրանցված հաշիվը և հաղթեց 2:0 հաշվով:
comment.count (0)