hetq.am։ Նոր սերնդի ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման ոլորտում հակամրցակցային իրավիճակ է: Թեև կան տեխնիկական սպասարկման իրավունք ունեցող մի քանի ընկերություններ, սակայն դրանցից մեկի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել:
Երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ:
Այս ընկերության սեփականատերերը փոխկապակցվում են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բաժնետերերից մեկը բժիշկ է, մյուսը՝ ռեստորանի մենեջեր, երկուսն էլ՝ կարծես անտեղյակ ընկերության գործունեության մանրամասներից։
Չենք կարող ասել, թե ինչու է Պետական եկամուտների կոմիտեի ներկայիս ղեկավարությունը շահագրգռված աջակցել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված այս ընկերությանը, սակայն մենք ձեռք ենք բերել տվյալներ, որոնք ակնհայտ հուշում են՝ նրանց առնչվող բիզնեսը պետական հովանավորչություն է վայելում։
ՀԴՄ-ների սպասարկումը կայուն շահույթ է ապահովում նախկին պաշտոնայներին առնչվող ընկերության համար
Տնտեսվարողները նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելուց հետո պետք է կնքեն նաև սպասարկման պայմանագիր։ Սպասարկող ընկերությունը ամսական վճարի դիմաց պարտավորվում է նախ ՀԴՄ-ն միացնել ՊԵԿ-ի համակարգին, ապա տեխնիկական անսարքություններ առաջանալու դեպքում՝ վերանորոգել այն։Անկախ այն հանգամանքից՝ անսարքություն առաջացել է, թե ոչ, տնտեսվարողը պարտավոր է այդ ընկերությանը վճարել սպասարկման պայմանագրով սահմանված գումարը։
Նոր սերնդի ՀԴՄ սարքերի տեխնիկական սպասարկումն այժմ, ըստ ՊԵԿ-ի մեզ փոխանցած տեղեկության, իրականացնում են հինգ ընկերություններ՝ «Տոչ-Մաստեր», «ՀԴՄ-Շտրիխ», «Մերի-Քրիստ», «Սմարթ սոլուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ները: Գործող օրենսդրությամբ՝ տնտեսվարողն ինքն է որոշում, թե որ ընկերության հետ պայմանագիր կնքի։
Առաջին երեք ընկերությունները սպասարկման ծառայությունը սկսել են 2013թ.-ից, երբ մեկնարկել էր նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, իսկ «Սմարթ սոլուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ները համեմատաբար նոր են այս ոլորտում։
«Սմարթ սոլուշնս»-ը նոր սերնդի ՀԴՄ-ների սպասարկմամբ, ըստ ՊԵԿ-ի մեզ փոխանցած տեղեկության, սկսել է զբաղվել 2017 թ.-ից։ Ու թեև ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընկերությունը ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկող է, սակայն կարողանում է մրցակցային առավելություն ունենալ մյուս ընկերությունների նկատմամբ։
Սպասարկող ընկերությունների գնային առաջարկների միջև տարբերություն չկա, մրցակցությունը կարող է լինել միայն սպասարկման որակը։
«Սմարթ սոլուշնս»-ը ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Մեզ հայտնի չեն տվյալներ ընկերության նախկին գործունեությունից, սակայն ՀԴՄ-ների սպասարկման ոլորտ «Սմարթ սոլուշնս»-ը մտել է 2017թ.-ից, երբ մի քանի ամիս առաջ էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվել Վարդան Հարությունյանը, ում հետ փոխկապակցվում է այս ընկերությունը։ Հիշեցնենք, որ նույն տարվանից ՊԵԿ-ը որոշեց ՀԴՄ-ներ ներկրել չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերությունից, որի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը «Սմարթ սոլուշնս» ընկերությունն է։
Ընկերության միակ բաժնետերը «Եղիշանս» ՍՊԸ-ն է: «Եղիշանս»-ի բաժնետոմսերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, կիսում են Շանթ Եղիազարյանն ու Գոռ Անանյանը։
Փորձեցինք բաց աղբյուրներից գտնել տեղեկություններ Շանթ Եղիազարյանի և Գոռ Անանյանի մասին: Պարզվեց, որ Շանթ Եղիազարյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանին փոխկապակցվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում։ Այս տեղեկությունը հաստատեցին նաև «Արքայաձոր»-ից, երբ, որպես հաճախորդ, խնդրեցինք ամրագրում կատարել և մեզ փոխանցեցին մենեջեր Շանթ Եղիազարյանի հեռախոսահամարը։
Շանթ Եղիազարյանը մեզ հետ զրույցում չպատասխանեց, թե առհասարակ ինչ առնչություն ունի ՀԴՄ-ների սպասարկման ոլորտի հետ։ «Հինգ րոպեից զանգեք, ես հաշվապահին մի հատ կասեմ, կպատասխանի, լավ», - ասաց Շանթ Եղիազարյանը։
Շարունակությունը՝ hetq.am
comment.count (0)