ՌԴ ՊՆ-ն հումանիտար միջանցք կբացի՝ «Ազոտ» գործարանից բնակչության տարհանման համար
16:26 - 14 հունիսի, 2022

ՌԴ ՊՆ-ն հումանիտար միջանցք կբացի՝ «Ազոտ» գործարանից բնակչության տարհանման համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 15-ին հումանիտար միջանցք կբացի՝ Ուկրաինայի Սևերոդոնեցկ քաղաքի «Ազոտ» կոմբինատի տարածքից քաղաքացիական անձանց դուրս բերելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Հունիսի 15-ին Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն հումանիտար միջանցք է բացվում հյուսիսային ուղղությամբ՝ դեպի Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սվատովո քաղաք», - ասել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը։

«Երաշխավորվում է առանց բացառության բոլոր խաղաղ մարդկանց անվտանգ տարհանումն ու հումանիտար շարասյուների կազմում նրաց տեղափոխումը ժամանակավոր տեղակայման վայրեր», - ասել է նա։

Միզինցևի խոսքով՝ «ուկրաինական կողմը խնդրանքով դիմել է Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական կոմբինատում գտնվող քաղաքացիական անձանց՝ կանանց, երեխաների և տարեցների տարհանման համար հումանիտար միջանցքի կազմակերպման հարցով, որպեսզի նրանք տեղափոխվեն Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ քաղաք»։ ՌԴ ՊՆ-ն այս առաջարկը գնահատել է որպես շրջափակման մեջ հայտնված ստորաբաժանումները փրկելու փորձ։

ՌԴ ՊՆ-ն նաև առաջարկել է «Ազոտ» գործարանում գտնվող ուկրաինացի զինվորականներին այդ օրը զենքը վայր դնել։

«Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է կյանքի պահպանում և ռազմագերիների հետ վարվելակերպի Ժնևի կոնվենցիայի բոլոր նորմերի պահպանում, ինչպես ավելի վաղ տեղի է ունեցել Մարիուպոլում գերի հանձնվածների հետ», - հավելել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել