Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
 |hetq.am|
12:52 - 18 հունիսի, 2022

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |hetq.am|

hetq.am: Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում են երկու երկրների ԱԳՆ մամուլի ծառայությունները։

ՌԴ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանի միջնորդական դերակատարության հարցում համապատասխան աշխատանքի կարևորությունը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ըստ ռուսական կողմի՝ երկու երկրների նախարաները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել այդ հարցերը շարունակել քննարկել Ադրբեջան Լավրովի առաջիկա այցի ընթացքում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հունիսի 23-24-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Նախատեսվում են բանակցություններ արտաքին գործերի նախարարի և հանդիպում նախագահի հետ։ Կդիտարկվի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ համալիրը»,- Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել