Ռուբեն Վարդազարյանը սխալվում է․ ՍԴ և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրանան, օրենքն ընդունվել է
14:19 - 06 հուլիսի, 2022

Ռուբեն Վարդազարյանը սխալվում է․ ՍԴ և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրանան, օրենքն ընդունվել է

Երեկ՝ «Փաստինֆոյին» տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները դադարեցվել են հունիսի 23-ին,  մինչ այդ կասեցված էին), ի թիվս այլնի, խոսեց դատական համակարգի բարեփոխումներից․ «Իրական [դատական] բարեփոխման համար շատ բան պետք չէ․ պետք է դատավորների աշխատավարձը բարձրացնել, սոցիալական երաշխիքները բարձրացնել»։

Լրագրողն արձագանքեց․ «Մեռան բարձրացնելով»։ Հետևեց Վարդազարյանի արձագանքը․ «Ի՞նչը բարձրացնելով, դատավորների՞նը․․․ Ո՛չ, չեն բարձրացրել»։

Լրագրողի ճշտող հարցին ի պատասխան՝ նա կրկին շեշտեց, որ աշխատավարձերը չեն բարձրացրել։ Լրագրողը նշեց, որ դատախազներինն են բարձրացրել, ինչին Վարդազարյանն արձագանքեց․ «Չեմ իմանում, դատավորներինը չեն»․․․

Այստեղ նա խոսքն ընդհատեց, և նա կրկին խոսեց դատավորների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությունից։

Ռուբեն Վարդազարյանը, սակայն, սխալվում է, քանի որ 2022-ին բարձրացվել են Սահմանդրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը։ Օրենքն ընդունվել է, սակայն ուժի մեջ կմտնի մի քանի օրից։

Այսպիսով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանվում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք ստանում են հիմնական և լրացուցիչ աշխատավարձեր։

Հիմնական աշխատավարձը որոշվում է հետևյալ կերպ․ յուրաքանչյուր տարի ընդունվում է այդ տարվա բյուջեի մասին օրենք, որով սահմանում է  պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը։ Այս տարի, օրինակ, այն կազմում է 66 140 դրամ։

Իսկ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով էլ սահմանվում են գործակիցներ տարբեր պաշտոնյաների համար։ Յուրաքաչնյուր պաշտոնյայի գործակից բազմապատկվում է այդ տարվա բազային աշխատավարձով, և որոշվում է այդ պաշտոնյայի հիմնական աշխատավարձը։ Օրինակ, Հանրապետության նախագահի գործակիցը 20.00 է, հետևաբար նրա աշխատավարձը կազմում է 1 322 800 դրամ (20.00 x 66 140 )։

Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է ինչպես հիմնական աշխատավարձից, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից: Իսկ լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները:

Այս տարվա մայիսի 19-ին Կառավարությունը ընդունեց օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում էր փոխել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորներին տրվող վարձատրության համակարգը։ Մասնավորապես առաջարկվում էր Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ կընդգրկվի հավելավճարի գումարի 30 տոկոսը:

Հունիսի 9-ի արտահերթ նիստում ԱԺ-ն ընդունեց նախագծերի փաթեթը։ Փոփոխությունները նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել են հունիսի 30-ին (1, 2), սակայն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։

Այպիսով, Ռուբեն Վարդազարյանը սխալվում է՝ պնդելով, որ դատավորների աշխատավարձերը չեն բարձրացվել։ Ընդունված, սակայն դեռ ուժի մեջ չմտած փոփոխություններով սահմանվել է, որ ՍԴ դատավորները, փոխնախագահն ու նախագահը կստանան իրենց դրույքաչափի 80 տոկոսի չափով հավելավճար, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները կստանան դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել